Թրամփը ցանկանում է հատուկ դատախազ նշանակել Ջո Բայդենի որդու գործունեությունը հետաքննելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է հատուկ դատախազի նշանակման հնարավորությունը Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի հարկերի հետ կապված գործունեությունը հետաքննելու համար, կազմակերպելով պոտենցիալ հանդիպում գլխավոր դատախազի նոր պաշտոնակատար Ջեֆրի Ռոզենի հետ, հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, թե Թրամփին զայրացրել է այն փաստը, որ ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնից հեռացող Ուիլյամ Բարը չի հրապարակայնացրել Հանթեր Բայդենի դեմ երկամյա հետաքննության փաստը, եւ այս հարցով խորհրդակցել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզի, իրավաբան Պետ Սիպոլոնեի եւ իր մյուս դաշնակիցների հետ, փոխանցում է գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Բացի Բայդեն կրտսերի գործունեության հետաքննության համար հատուկ դատախազի նշանակումից, Թրամփը նաեւ շահագրգռված է հատուկ իրավաբանի նշանակման հարցում՝ նախագահական ընտրությունների արդյունքների հետաքննության համար, նշում են աղբյուրները:
Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտարարել էր իր մոտալուտ հրաժարականի մասին՝ ծրագրերը բացահայտելով Հանթեր Բայդենի հրապարակային հայտարարությունից շուրջ մեկ շաբաթ հետո, ըստ որի Բայդեն կրտսերի դեմ հետաքննություն է կատարվում նրա ֆինանսների հետ կապված: Արդարադատության նախարարության քաղաքականությունը, որպես կանոն, անցկացվող հետաքննությունների մասին տեղեկությունները չբացահայտելն է, չնայած այդ հետաքննությունների սուբյեկտները դրա իրավունքն ունեն: