Հեղափոխությունից հետո մենք գնացինք պետական ինստիտուտները քայքայելու ճանապարհով, որովհետև իշխանությանը թվում է, թե երկիրը կարելի է ղեկավարել միայն PR ակցիաներով և «լեզվին զոռ տալով». «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է.
«Ամրդագոռգոռ հայտարարություններն այն մասին, որ Արցախը պետք է վերադարձնել բանակցությունների սեղանին, մաքուր բլեֆ էին: Մեկը լիներ Հայաստանին այդ սեղանի մոտ հրավիրեր:
Մինչև 2018 թվականը մենք ունեինք անորակ պետություն՝ կոռումպացված իշխանությամբ: Այդքանով հանդերձ՝ պետական ինստիտուտները, լավ, թե վատ, գործում էին:
Հեղափոխությունից հետո մենք գնացինք այդ ինստիտուտները քայքայելու ճանապարհով, որովհետև նոր [ոչ կոռումպացված] իշխանությանը թվում է, որ երկիրը կարելի է ղեկավարել միայն PR ակցիաներով և «լեզվին զոռ տալով»: Բայց ասացեք խնդրեմ, ճարտար լեզվական հնարքները կօգնե՞ն Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնց տները, արոտավայրերը, վարելահողերը հայտնվել են ադրբեջանական բանակի նշանառության տակ: Թերևս, պետական առայժմ գործող օղակներից են մնացել համայնքապետարանները:
Գյուղապետերն են փորձում կազմակերպել մարդկանց, ուղղորդել GPS-ներում մոլորված համագյուղացիներին և անգամ բանակցեն ադրբեջանցիների հետ: Բայց գյուղապետերի ուսերին չի կարելի դնել անվտանգության խնդիրները, մենք, որքան գիտեմ, ունենք կառավարություն, որի ներկայացուցիչները պետք է շփման մեջ մտնեն մարդկանց հետ և արդահովեն մարդկանց անվտանգությունն ու խաղաղ աշխատանքը: Այդպես եմ ես պատկերացնում պետության գործառույթը:
Հա, մոռացա, կան ավելի կարևոր գործեր՝ ուղերձների միջոցով բացահայտել «ներքին թշնամիներին» և ֆեյսբուքում ջախջախիչ հարվածներ հասցնել բոլոր ընդդիմախոսներին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: