Երթուղային վարորդների շրջանում բունտ է հասունանում. Հարկայինը «տեռոր է անում», գազի գինը թանկացել է
Երևանի բնակիչներին սպասարկող երթուղային տաքսիների վարորդների շրջանում բունտ է հասունանում։
Սեղմված գազի գնի շարունակաբար թանկացման արդյունքում այլևս ձեռնտու չէ 100 դրամ սակագնով երթուղի սպասարկելը։
Բացի այդ, վերջին օրերին Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է սկսել Երևանի տրանսպորտային ցանցը սպասարկող ընկերություններում։ Բանն այն է, որ կառավարությանը չի հաջողվում ապահովել բյուջեի մուտքերը և հարկային մարմինը ստիպված անցել է փոքր և միջին բիզնեսներում ստուգումներ իրականացնելու միջոցով հարկեր հավաքագրելուն։
Գծատերերն ու երթուղային տաքսիների վարորդները հայտարարել են, որ եթե սեղմված գազի գնի շարունակական թանկացման և հարկային ստուգումների արդյունքում ֆինանսական կորուստները մեծանան, գործադուլ կիրականացնեն։
Հիշեցնեք, 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ 1 կգ սեղմված գազի գինը 260 դրամ էր, իսկ դեկտեմբերի 15-ին՝ 330 դրամ, այսինքն՝ միայն այս տարվա ընթացքում սեղմված գազի գինը ավելացել է 70 դրամով կամ 27 տոկոսով, իսկ ուղևորահոսքը, կորոնավիրուսի համավարակով և պատերազմով պայմանավորված, կրճատվել է 30-40 տոկոսով։