Կորոնավիրուսի դեմ պայքար, բնակչության պատվաստում, ազգային տնտեսության վերականգնում․ Բայդենը ներկայացրել է իր վարչակազմի առաջնահերթ խնդիրները (տեսանյութ)
ԱՄՆ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը, որը նախօրեին ընտրիչների կոլեգիայի կողմից պաշտոնապես ստացել է երկրի նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ 270 ձայնը, իր վարչակազմի անհետաձգելի խնդիրներն է համարել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը, բնակչության պատվաստումը և ազգային տնտեսության վերականգնումը: Այս մասին նա հայտարարել է Ուիլմինգթոն քաղաքում ելույթի ժամանակ։
«Մենք պետք է անհապաղ անցնենք աշխատանքի։ Պետք է զսպել համավարակը, պատվաստել բնակչությանը, անհապաղ տնտեսական օգնություն տրամադրել կարիքավոր ամերիկացիներին, իսկ հետո տնտեսության վիճակը դարձնել ավելի լավը, քան երբևէ»,- Բայդենը թվարկել է իր վարչակազմի առաջնահերթ խնդիրները:
Նա իր ելույթում վերստին դատապարտել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի՝ նոյեմբերի սկզբին կայացած համընդհանուր ընտրությունների արդյունքները վիճարկելու փորձերը։
«Ժողովրդավարությունը հաղթանակ է տարել Ամերիկայի ոգու համար մղվող պայքարում։ Ժողովուրդը քվեարկեց։ Մեր ընտրությունների անաչառությունը պահպանվել է»,- հայտարարել է նա:
Դեմոկրատը նաև խոստացել է նախանձախնդրորեն կատարել նախագահի պարտականությունները՝ հավասարապես հաշվի առնելով իր և Թրամփի աջակիցների շահերը։
«Ես կլինեմ բոլոր ամերիկացիների նախագահը։ Մենք լավ մարդիկ ենք, մենք կարող ենք ունենալ տարբեր ծագումներ և համոզմունքներ, բայց մեզ միավորում է այս երկրի հանդեպ սերը և այստեղ բացվող հնարավորությունների հանդեպ հավատը»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ում ընտրիչների քվեարկությունը հաստատել է երկրի նախագահի պաշտոնի համար անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով դեմոկրատ Ջո Բայդենի տարած հաղթանակը։
Բայդենը ստացել է Կալիֆոռնիա նահանգի 55 ընտրիչների բոլոր ձայները՝ հավաքելով ավելի քան 270 ձայն, որն անհրաժեշտ է ԱՄՆ նախագահ դառնալու համար: Ընդհանուր 538 ձայներից դեմոկրատը ստացել է 302-ը, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 232:
Ընտրիչների քվեարկությունը ընտրությունների արդյունքները պաշտոնական են դարձնում, սակայն վերջնական դրանք կդառնան հունվարի 6-ին, երբ Կոնգրեսի համատեղ նիստը կհաստատի դրանք: