Ընկերոջը փրկելիս Թաղավարդում վիրավորված 28-ամյա կամավորը Գերմանիայում վիրահատվելու կարիք ունի (Լուսանկարներ)
Արցախում պատերազմի ժամանակ 28-ամյա Հայկ Լեւոնյանը բազմաթիվ վիրավորումներ է ստացել Թաղավարդ գյուղում մղվող մարտերում: Նա ամբողջ 23 օր եղել է կոմայի մեջ եւ միայն վերջերս է ուշքի եկել: Հայ բժիշկները նրա համար արել են հնարավոր ամեն ինչ եւ նույնիսկ անհնարինը, բայց հիմա երիտասարդին անհրաժեշտ է վիրահատվել Գերմանիայում:
Հայկը կամավոր պատերազմին մասնակցելու է գնացել հոկտեմբերի 5-ին: Հարազատներին ասել է իբր Արցախ է գնում միայն ընկերներին ինչ-որ պարենամթերք տանելու. չէր ցանկանում, որ ծնողները եւ հղի կինը անհանգստանային: Միայն մի քանի օր հետո են հարազատներն իմացել, որ Հայկը միացել է մյուս կամավորներին:
Հայկի մայրը՝ Նաիրա Լեւոնյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ նա մարտնչել է Ջաբրայիլում, Ֆիզուլիում, Հադրութում, Շուշիում եւ Թաղավարդում: Նրա մարտական ընկերները պատմում են, որ Շուշիում նա փրկել է 14 երիտասարդ տղաների կյանքը: Իսկ Թաղավարդում նոյեմբերի 9-ին շտապել է վիրավոր ընկերոջն օգնության եւ ինքն է ստացել բազմաթիվ վիրավորումներ՝ լյարդին, ստամոքսին, թոքին, ուսին եւ ոտքին:
Նրան առաջին վիրահատությունը կատարել են Ստեփանակերտի բունկերում: Որքանով հարազատներին հայտնի է, նրան վիրահատել են ԱՄՆ-ից եկած բժիշկները, եւ հենց նրանք են կարողացել Հայկի կյանքը փրկել: Այնուհետեւ նրան տեղափոխել են Երեւան, եւ մինչ օրս նա «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Նա ամբողջ 23 օր եղել է կոմայի մեջ եւ միայն վերջերս է ուշքի եկել, բայց նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Հայ բժիշկները նրա համար արել են հնարավոր ամեն ինչ, հիմա նա վիրահատության կարիք ունի, որն այստեղ չեն կարող կատարել:
Հայկի հարազատները շատ են ցանկանում, որ նա արագ ապաքինվի եւ կարողանա տեսնել իր երեխաներին. շուտով կծնվեն նրա երկվորյակ որդիները:
Հայկին օգնել ցանկացողները կարող են ցանկացած չափի գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարին՝
IDBank
11808020551100
Ստացող՝ Նաիրա Լեւոնյան