Դավիթ Օվասապյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
Դավիթ Օվասապյանին չհաջողվեց բրոնզե մեդալ նվաճեց Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում:
130կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 2:4 հաշվով պարտություն կրեց ուկրաինացի Միկոլա Կուչմիից:
Առաջին մրցափուլն Օվասապյանն ավարտվեց 2:0 հաշվով առավելությամբ: Երկրորդ մրցափուլի սկզբում Կուչմիին հաջողվեց 1 միավոր վաստակել, մրցափուլի վերջին վայրկյաններին ուկրաինացի ըմբիշը ևս 2 միավոր վաստակեց: Հայաստանի հավաքականը բողոքարկեց մրցավարի որոշումը, սակայն բողոքարկումը չընդունվեց, իսկ Կուչմիի հաշվին ավելացվեց ևս 1 միավոր:
Հիշեցնենք, որ Դավիթ Օվասապյանը (130 կգ) պայքարի մեջ էր մտել դեկտեմբերի 13-ին և 2 հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակիչում 0:8 հաշվով պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սեմենովին:
Հիշեցնենք, որ 10 ըմբիշով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականը նախորդ 2 մրցումային օրերի արդյունքում նվաճել է 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Մալխաս Ամոյանը (72 կգ) գրավել է երկրորդ տեղը, իսկ Սլավիկ Գալստյանը (67 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր: Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Կարապետ Չալյանը (77 կգ) վիճահարույց մրցավարության պայմաններում պարտվել էր բրոնզե մեդալի համար պայքարում: Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել նաև Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Գևորգ Ղարիբյանը (63 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) և Արթուր Շահինյանը (87 կգ), որոնք հաջողության չեն հասել:
97կգ քաշային կարգում որակավորման փուլում վիճահարույց մրցավարության պայմաններում պարտություն կրած Արթուր Ալեքսանյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտից:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 16-18-ը աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում հանդես կգա 8 ըմբիշով՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Ռազմիկ Պապիկյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Հովհաննես Մաղաքյան (125 կգ):