Haaretz. Թել Ավիվը չի շտապում վերականգնել հարաբերությունները Անկարայի հետ
Չնայած Թուրքիայի այն ազդակին, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ, Թել Ավիվը չի շտապում վերականգնել հարաբերությունները Անկարայի հետ, Haaretz-համար իր հոդվածում գրում է Մերձավոր Արեւելքի հարցերով վերլուծաբան Ցվի Բարելը:
«Պետք է հաշվի առնել Անկարայից ստացվող ազդանշանները՝ եթե կա Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հնարավորության պատուհան, ցանկացած ժամանակ լավ ժամանակ է»,- ասել է նա:
Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ երկկողմ կապերը, որոնք զգալիորեն ջերմացել էին 1990-ականներին, վատթարացել են վերջին տասնամյակում, հատկապես 2010-ին իսրայելցի զինվորների կողմից Գազա ուղեւորվող թուրքական «Մավի Մարմարա» նավի խուզարկությունից հետո:
2018-ին Թուրքիան հետ էր կանչել Իսրայելում եւ ԱՄՆ-ում իր դեսպաններին եւ վտարել էր Իսրայելի դեսպանին՝ ի պատասխան Երուսաղեմում ԱՄՆ նոր դեսպանատան բացման դեմ բողոքող պաղեստինցիների սպանություններին եւ վիրավորումներին՝ իսրայելական անվտանգության ուժերի կողմից:
Բարելի կարծիքով՝ Իսրայելում Թուրքիայի նոր դեսպանի նշանակումը, որի մասին անցյալ շաբաթ հաղորդել էին մի քանի լրատվամիջոցներ, ազդանշան է այն բանի, որ Անկարան ցանկանում է վերականգնել կապերը, չնայած դեռ դժգոհ է Իսրայելի եւ ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորման համաձայնագրից:
Թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի նոյեմբերին Իսրայել կատարած այցը եւ Հայֆայում իսրայելական նավահանգստի կառուցման մրցույթին մասնակցելու թուրքական կոնգլոմերատի ծրագրերը եւս երկու նախանշան էին, որ երկու երկրների միջեւ նոր գործնական բարեկամություն կարող է զարգանալ: «Բայց Իսրայելն, իր հերթին, դեռ չի շտապում: Հայտնի չէ՝ արդյոք Իսրայելը մտադիր է դեսպան ուղարկել Անկարա, ինչպես նաեւ երկու երկրների ռազմական կամ այլ համագործակցության ծրագրեր: Արդարացումը Իսրայելում քաղաքական իրավիճակն է, ընտրություններին նախապատրաստվելը եւ ամենակարող կորոնավիրուսը: Այս արդարացումները բոլորովին անհիմն են»,- կարծում է հեղինակը: