Հայաստանն ու Ադրբեջանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով սկսել են գերիների և պատանդների փոխանակումը
Երևանը և Բաքուն երկուշաբթի սկսել են գերիների և պատանդների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, գործընթացն ընթանում է ռուս խաղաղապահների մասնակցությամբ, Ադրբեջանի գերեվարվածների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովին հղումով գրում է ria.ru-ն։
«Միջազգային կազմակերպությունների և ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության մասնակցությամբ կայացած բանակցությունների արդյունքում հայկական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների և պատանդների փոխանակման վերաբերյալ, և այդ գործընթացը սկսվել է դեկտեմբերի 14-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: