«Արցախյան պատերազմում մենք պետք է աջակցեինք Հայաստանին». Իրանի խորհրդարանի պատգամավոր
Իրանի խորհրդարանի պատգամավոր Ահմադի Բիղաշը խորհդարանական նիստի ժամանակ իր ելույթում անդրադարձել է արցախյան պատերազմին, Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությանն ու քննադատություններ է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: Այս մասին գրում է Iran International-ը:
Իր ելույթում պաշտոնյան նշել է՝ իրանցի միջուկային գիտնականների դեմ իրականացված մահափորձերը նաև Էրդողանի վարած քաղաքականության արդյունք են:
«Մեր գիտնականների սպանություններում Իսրայելի վարչապետ Նեթանյահուից պակաս չէ նաև Էրդողանի դերը», -ասել է նա:
Իր խոսքում մեջլիսի անդամն անդրադարձել է նաև Արցախյան վերջին պատերազմին ու կարծիք հայտնել՝ ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար Իրանը պետք է Հայաստանին աջակցեր՝ միաժամանակ հետևողական կերպով լսելով Հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի խոսքերն այն մասին, որ «շրջափակված տարածքները պետք է ազատվեն»:
Լրատվականը նշում է նաև, որ սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնկված նոր ռազմական բախման մեջ Իրանը չեզոքություն է պահպանել: Թուրքիան օգնել է իր դաշնակցին ընդդեմ Հայաստանի, որի ռազմական ուժերը պարտվել են և Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Լեռնային Ղարաբաղի տարածքների ճնշող մեծամասնությունը: