Թրամփը հայտարարել է, թե առայժմ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մտադրություն չունի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը COVID-19-ով հիվանդացել եւ ապաքինվել է, հայտարարել է, որ առայժմ չի նախատեսում կորոնավիրուսի դեմ պատվաստվել: ԱՄՆ առաջնորդը համապատասխան հաղորդագրությունը հրապարակել է իր Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Սպիտակ տանն աշխատող մարդիկ [երկրի բնակչության պատվաստման] ծրագրի շրջանակում պետք է վատվաստվեն մի փոքր ուշ, եթե դրա հատուկ անհրաժեշտություն չլինի: Ես խնդրել եմ այս շտկումը կատարել: Ես չեմ նախատեսում [հիմա] պատվաստում կատարել, բայց անհամբերությամբ սպասում եմ հարմար պահի այն կատարելուն»,- նշել է նա:
Ավելի վաղ Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Էլիոթը հայտնել էր, որ «իշխանության երեք ճյուղերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք պատվաստվելու են գործադիր իշխանության հաստատած ուղեցույցի համաձայն»: Ըստ The Washington Post պարբերականի պարզաբանման՝ սա նշանակում է, որ մասնավորապես Սպիտակ տան աշխատակիցները պատվաստվելու են արդեն ամենամոտ ժամանակում՝ ըստ էության երկրի բնակչության խոցելի շերտերի հետ միաժամանակ: Պարբերականի աղբյուրները պարզաբանել են, որ ԱՄՆ պաշտոնատար անձանց COVID-19-ի պատվաստումն «անհրաժեշտ է կառավարության գործառնությունն ապահովելու համար»:
ԱՄՆ նախագահը հոկտեմբերի 2-ի գիշերը Twitter-ում հայտնել էր, որ իր ու կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նույն օրն ավելի ուշ պետության ղեկավարը ժամանել էր Մերիլենդ նահանգի Ուոլթեր Ռիդի անվան բժշկական կենտրոն: Նա բուժհաստատությունից հեռացել էր հոկտեմբերի 5-ին եւ վերադարձել Սպիտակ տուն:
ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի որակի հարցերով վարչությունը դեկտեմբերի 11-ին հավանություն էր տվել գերմանական BioNTech ընկերության եւ նրա ամերիկյան գործընկեր Pfizer-ի հայտին արտակարգ իրադրությունում արագացված ընթացակարգով իրենց պատվաստանյութը գրանցելու մասին: