Հունաստանից Հայաստան հումանիտար օգնությամբ ինքնաթիռ է ժամանել
Արցախի դեմ թուրք֊ադրբեջանական դաշինքի կողմից սանձազերծված պատերազմից տուժածներին աջակցություն ցուցաբերելու նպատակով դեկտեմբերի 12-ին Հունաստանում հայ համայնքի մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ, «Հունաստանի հայկական կապույտ խաչի», «Հայկական գթության խաչի» եւ Հայ օգնության միության ջանքերով, ինչպես նաեւ Հունաստանի կառավարության եւ Հունաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Հայաստան ուղարկվեց հումանիտար օգնություն, որը ներառում էր առաջին անհրաժեշտության ապրանքեր, սնունդ եւ բժշկական նշանակության պարագաներ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն:
Ինքնաթիռը Հայաստան ժամանեց Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային համագործակցության եւ զարգացման գլխավոր տնօրեն Յորղոս Լարիսսիսի ուղեկցությամբ։
Հումանիտար օգնությունը Հայաստանում դիմավորեցին ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, Հայ օգնության միության կենտրոնական վարչության անդամ Համեստուհի Սասունեանը եւ Հայաստանյան շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանը: