Նախկին ենթական Նյու Յորքի նահանգապետին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ
Նյու Յորքի քաղաքային թաղամասերից մեկի խորհրդի թեկնածու առաջադրված Լինդսի Բոյլանը համանուն նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին նա գրել է կիրակի օրն իր Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Բոյլանը, ըստ LinkedIn գործարար սոցիալական կայքի, աշխատել է նահանգապետի վարչակազմում 2015-ից 2018 թվականներին: 2018 թվականի մարտին նա Կուոմոյի խորհրդական եւ տնտեսական զարգացման հարցերով պետքարտուղար է նշանակվել: Ամռան տեղի ունեցած սկզբնական ընտրություններում կինը փորձել է դառնալ դեմոկրատներից թեկնածու ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում, սակայն պարտվել է կոնգրեսական Ջերոլդ Նադլերին, ով նոյեմբերին վերընտրվել էր նոր ժամկետի համար:
«Այո, Նյու Յորքի նահանգապետ Կուոմոն տարիներ շարունակ սեռական ոտնձգությունների է ենթարկել ինձ: Շատերը տեսել եւ հետեւել են դրան: Ես երբեք չգիտեի` ինչ սպասել` նկատողություն աշխատավայրում (դա շատ լավ էր), թե ոտնձգություն իմ արտաքինի պատճառով: Կարող էր լինել եւ մեկը, եւ մյուսը նույն խոսակցության ընթացքում»,- գրել է Բոյլանը: Նա ենթադրում է, որ նահանգապետի վարչակազմում մյուս կանայք եւս ոտնձգությունների են ենթարկվել:
Twitter-ում արված գրառումներում կոնկրետ փաստեր եւ ամսաթվեր չեն նշվում: Կինը պարզաբանում է, որ տրամադրված չէ շփվել լրագրողների հետւ:
Նահանգապետի մամուլի գրասենյակում Fox News-ին հայտնել են, որ վերոնշյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
Associated Press-ն ուրբաթ օրը, վկայակոչելով աղբյուրները, հաղորդել էր, որ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը Կուոմոյին ներառել է գլխավոր դատախազի պաշտոնի թեկնածուների ցանկում իր ապագա վարչակազմում: Դեմոկրատ Կուոմոն Նյու Յորքի նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրել է 2007-2010 թվականներին: Ընտրված նախագահը գնահատում է իր համակուսակցին այն որակների համար, որոնք վերջինս դրսեւորել է կորոնավիրուսային նոր համավարակի ընթացքում: Կուոմոն հոկտեմբերի 13-ին լույս տեսած վարակի տարածման դեմ պայքարի դասերի մասին գրքի հեղինակն է: