Երկրում անիշխանություն է՝ չունենք վարչապետ, չունենք կառավարություն. Նիկոլը պետք է հեռանա, այլընտրանք չկա, ինչքան շուտ, այնքան իր համար քիչ ցավոտ. Արմենուհի Կյուրեղյան
«Բերանն արնոտ մարդակերը այս անբան, Երկու տարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար, Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան»,- Հովհաննես Թումանյանի խոսքերը մեջբերելով Tert.am-ի հետ զրույցում այսպես ներկայացրեց երկրում առկա ներքաղաքական իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախում տիրող իրավիճակը ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը: Վերջնիս կարծիքով՝ այսօր մեր երկրում անիշխանություն է, չունենք վարչապետ, չունենք կառավարություն։
-Տիկի՛ն Կյուրեղյան, ընդդիմությունը շարունակում է բողոքի գործողությունները, անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Վերջինս, սակայն, շարունակում է կառավարությունում կադրային փոփոխություններ անել, և, կարծես, իր օրակարգում հրաժարականն առկա չէ։ Այդ դեպքում որո՞նք պետք է լինեն ընդդիմության քայլերը, ընտրված գործիքակազմի փոփոխման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։
-Բողոքի գործողությունների, անհնազանդության ակցիաների աշխարհագրությունը ընդլայնվում է, բնույթը՝ խստանում, բողոքի ցասումը՝ մեծանում, մասնակիցների թիվը՝ բազմապատկվում։ Բայց, միևնույն է, սպասել, որ մեր հարբեցող, հոգեպես անհավասարակշիռ, ազգի դավաճանը, հայրենիքը փողով վաճառածը ինքնակամ կհեռանա, իսկապես անիմաստ է և ինչպես կասեր մեծն լոռեցի Հովհ․ Թումանյանը․
«Բերանն արնոտ մարդակերը այս անբան
Երկու տարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան»։
Նրա՝ հայտնի կենդանու նման համառությունը խոսում է միայն մի բանի մասին, որ նա դեռ էլի խոստումներ ունի տված, որ չի կատարել։ Նա շատ լավ պատկերացնում է, որ եթե հեռանա՝ խոստումները կիսատ թողած, ապա իրեն կաշառածն է խոսելու, ամեն ինչ բացահայտելու։ Նիկոլը չի խորշելու արյունահեղությունից։
Այո, պետք է փոխել պայքարի գործիքակազմն ու այն ուղղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, Կառավարության անդամներին անուն առ անուն։ Այս մարդիկ պետք է հասկանան, որ իրենց լռությունը չի ջնջելու իրենց՝ Նիկոլ Փաշինյանի հրամաններով արդեն կատարած անօրինականությունները, իրենց լռությունը հենց միայն իրենց է պատասխանատվության առաջ կանգնեցնելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը սրիկա է և պատեհ պահի պետք է փախչի երկրից, իրենց պատասխանատվության առաջ թողնելու է մենակ։ Նրանք պետք է հասկանան, որ պաշտպանելով դավաճանին՝ իրենք են իրենց ու իրենց հարազատների, սերունդների ճակատներին դնում ազգադավի դաջվածքը։
Այո՛, պետք է ժամ առաջ հանրությանը դուրս բերել փողոց, հատկապես մարզերում։ Նրանց պետք է հասկացնել, որ այս խեղկատակի՝ օր ավել մնալը իրենց կանգնեցնելու է սովի, գործազրկության, վարկերի չմարված բեռի, հիվանդությունների խորացման առաջ մեն-մենակ և դրանից հետո արդեն, նաև, հենց իրենց դռան առաջ կանգնած թուրքի առաջ։
Հանրությանը պետք է հասկացնել, որ մեր երկրի առաջ կանգնած ծանր մարտահրավերներին լուծում կա, և այդ լուծումն ունի կոնկրետ ծրագիր, որի առաջին, անհրաժեշտ քայլը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Հանրությունը պետք է հասկանա, որ դավաճանին սպասարկողի կենսագրությունն ապահովածներին փոխարինելով կենսագրություն չունեցող նոր անուններով, անդեմ մարդկանցով՝ իրենց կյանքում ոչ մի լավ բան չի կատարվելու, երկրի գահավիժումը շարունակվելու է։ Նիկոլը պետք է հեռանա, այլընտրանք չկա, ինչքան շուտ, այնքան իր համար քիչ ցավոտ։
-Իշխանության ներկայացուցիչներն ու անձամբ Փաշինյանը պնդում են՝ իրենք ունեն ժողովրդի աջակցությունը, իսկ վարչապետի հրաժարականը պահանջողները ժողովրդի միայն մի մասն են։ Դուք ժողովրդի կողմից Փաշինյանին աջակցություն տեսնո՞ւմ եք։
Նիկոլը չխուսափեց իրեն համեմատել Հիսուսի հետ, այնպես որ վաղն էլ կհայտարարի, որ ժողովուրդը ինքն է, և միայն ինքն ունի խոսելու, կարծիք հայտնելու, ապրելու իրավունք։ Նա պնդում է, թե հրաժարական պահանջողները ժողովուրդ չեն, սուբյեկտներ են։ Լսի՛ր, Նիկոլ, իսկ դու փորձե՞լ ես որակապես արժևորել քո հրաժարական պահանջողներին, փորձե՞լ ես համեմատել այսօր քեզ համար փողոց դուրս եկած ոհմակի սուբյեկտներին ազատության հրապարակում կանգնածների հետ։ Չգիտեմ՝ ինչքանով կարող ես մաթեմատիկական գործողություններ կատարել, բայց փորձիր ի պաշտպանություն քեզ հանրահավաք կազմակերպել, նրանում մասնակիցների թիվը բազմապատկել առավելագույնը կես միավորով, որովհետև քեզ սատարողները այդքան էլ չեն գնահատվի։
Հետո հիշիր, թե ովքեր են պահանջում քո հրաժարականը՝ գիտնականներ, հոգևորականներ, բժիշկներ, դասախոսներ, մտավորականներ, մեր ժողովրդի գիտակից մասը, համայնքներ, համայն հայությունը նաև սփյուռքում, հասկացիր, որ նրանցից յուրաքանչյուրը արժեքային գնահատման համակարգում քո կես միավորանոցների կողքին ունեն նվազագույնը 5-6 միավոր։ Փորձիր հասկանալ թե ինչ է սիներգիան, հաշվիր քո հրաժարականը պահանջողների՝ քո թիմակիցների ասած ժողովրդի մի մասի ցասումի սիներգիան և միգուցե այդ ժամանակ քեզ հասու կլինի, թե ինչ խղճուկ ու ճղճիմ ես, սրիկա։
-Ընդդիմությունը խոսում է միայն Փաշինյանի հրաժարականի մասին, սակայն, կարծես, անդրադարձ չկա Արցախի քաղաքականն իշխանությանը, ինչո՞ւ։
- Այսօր Արցախում իշխանությունների հրաժարականի հարց բարձրացնելը իմ կարծիքով սխալ կլինի, որովհետև սահմանադրական ճանապարհով փոփոխությունը ենթադրում է նոր ընտրություններ, որը մոտ ապագայում Արցախում կազմակերպել և հնարավոր չէ, և նաև ոչ այսօրեական։ Անհրաժեշտ է համագործակցել կարող ուժերի, պրոֆեսիոնալների հետ և կրկին հիշել, որ Հայաստանում վարչապետի ու նրա կառավարության հրաժարականը հենց Արցախի համար առաջին հերթին դրական փոփոխությունների ճանապարհ կբացի։
-Տիկի՛ն Կյուրեղյան, ի՞նչ կասեք Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին. ՊԲ հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ, կան վիրավորներ: Սա արդյո՞ք եռակողմ հայտարարության խախտում է, ի՞նչ պետք է հետևի սրան։
-Այդ միջադեպը ավելորդ անգամ ապացուցում է, որ այսօր մեր երկրում անիշխանություն է, չունենք վարչապետ, չունենք Կառավարություն։ Նրանց անկարողությունը, անգործությունը ամեն օր վտանգում է մեր երկրի անկախությունը, սահմանները, բնակչության ֆիզիկական գոյությունը։
Քանի կոպեկի արժեք ունի նման իշխանությունը, եթե մեր երկրի, մարզի սահմանները թշնամու հետ պետք է քննարկեն ու լուծումներ գտնեն հենց տեղական իշխանությունները։ Նիկոլը չկա, բացակա է, և դրա համար պետք է հեռանա, որ գա երկրի համար սրտացավ վարչապետ, ով կաշխատի հանուն երկրի՝ առանց մտածելու հաջորդ ընտրությունների, սեփական քարոզչության մասին։