Պուտինի զարմիկը կստեղծի նոր կուսակցություն՝ «Ռուսաստանն առանց կոռուպցիայի»
ՌԴ նախագահի զարմիկը՝ ձեռներեց Ռոման Պուտինը, պատրաստվում է ստեղծել նոր կուսկացություն՝ «Ռուսաստանն առանց կոռուպցիայի»:
Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել է կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի տեղեկատվական բաժնի ղեկավար Դարյա Չելցովան, կուսակցության ղեկավարությունը եւ ծրագիրը հաստատելու վերաբերյալ համագումարը կկայանա դեկտեմբերի 15-ին: Դրան կմասնակցեն պատվիրակներ Ռուսաստանի 53 շրջաններից յուրաքանչյուրից 2-ական ներկայացուցիչ (106 պատգամավոր):
Կուսակցության նախագահի պաշտոնին հավակնում է մի քանի թեկնածու, այդ թվում՝ Ռոման Պուտինը:
Չելցովան նշել է, որ կուսակցության՝ «Ռուսաստանն առանց կոռուպցիայի» անվանումը ներկայում աշխատանքային տարբերակն է: Նոր կուսակցության վերջնական անունը, ինչպես նաեւ կանոնադրությունն ու խորհրդանիշները կորոշվեն համագումարի ժամանակ բաց քվեարկության արդյունքում:
Նրա խոսքով՝ կուսակցությունը պատրաստվում է ներկայացնել փաստաթղթերը ՌԴ արդարադատության նախարարություն համագումար անցկացնելուց հետո…
Նա նաեւ պատմել է, որ Ռոման Պուտինը չի պատրաստվում բողոքարկել ՌԴ Գերագույն դատարանի որոշումը «Ժողովուրդն ընդդեմ կոռուպցիայի» քաղաքական կուսակցությունը վերացնելու մասին:
«Ռոման Իգորեւիչը նախագահ էր, սակայն հիմնական գործառույթները կատարում էր Գրիգորի Գրիգորեւիչ Անիսիմովը: Նրա մահից հետո Ռոման Իգորեւիչը չի պլանավորում ոչինչ բողոքարկել»,-ասել է Չելցովան: