Էնես Կանտեր․ ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն պետք է ինչ-որ բան անեն եւ սանձեն Էրդողանին
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս» ակումբի 28-ամյա թուրք խաղացող Էնես Կանտերը Միավորված ազգերի կազմակերպությանը, Եվրամիությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Թուրքիայի նախագահ Ռեջեպ Էրդողանի դեմ՝ միջազգային ահաբեկչությանը սատարելու, երկրի ներսում հազարավոր այլախոհների հետապնդելու համար։
«Ամեն անգամ երբ պատմում եմ Թուրքիայում տիրող վիճակի մասին, դա վախ է առաջացնում ԱՄՆ-ում եւ Թուրքիայում։ Իհարկե, Էրդողանին նյարդայնացնում է այդ ամենը իմ կարգավիճակի պատճառով։ Դա ազդում է իմ ընտանիքի վրա, որի պատմությունը հայտնի է, քանի որ ես NBA-ի խաղացող եմ։
Սակայն Թուրքիայում կան հազարավոր շատ ավելի վատ պատմություններ, որոնց մասին չեն խոսում, չեն գրում։ Այս պատճառով եմ ասում, որ ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը պետք է ինչ-որ բան անեն եւ սանձեն Էրդողանին»,- պատմել է Կանտերը հունական Gazzetta.gr-ին։
Էնես Կանտերը վտարանդի թուրք գրող, քարոզիչ եւ քաղաքական գործիչ, ԱՄՆ-ում ապրող Ֆեթուլա Գյուլենի հետեւորդներից է։
Ավելի վաղ Կանտերը Թվիթերում գրել էր, որ Էրդողանն ահաբեկչության նոր դեմքն է․
«Ահաբեկչությունն ունի նոր դեմ։ 10 տարում 31 հակամարտություն 10 երկրների (Հունաստան, Ռուսաստան, Կիպրոս, Սիրիա, Լիբիա, Իրաք, Հայաստան, Ֆրանսիա, Սաուդյան Արաբիա, քրդեր) հետ։
Աշխարհը պետք է հասկանա, որ Էրդողանի ռեժիմն է այդ հակամարտությունների հեղինակը, Թուրքիան չէ։ Եկեք կանգնեցնենք այս բռնակալությունը եւ կառուցենք խաղաղ աշխարհ»։
Թուրքիայում Կանտերի հորը 2018 թվականին դատապարտել են 15 տարվա ազատազրկման։ Որդին հոր ազատազրկումը կապում է Թուրքիայի պետության եւ Էրդողանի հասցեին սուր քննադատության հետ։ Էնես Կանտերը զրկվել է Թուրքիայի քաղաքացիությունից եւ շուտով կստանա ԱՄՆ-ի անձնագիր։