ԱՄՆ արդարադատության նախարարությունը տվյալներ է պահանջել Բայդեն կրտսերի՝ Ուկրաինայում ծավալած գործունեության վերաբերյալ. Associated Press
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Ջո Բայդենի որդի Հանթերի հարկային գործերի հետաքննության շրջանակներում տեղեկատվություն է պահանջել ուկրաինական Burisma գազային ընկերության և «երկու տասնյակ այլ կազմակերպությունների» հետ նրա կապերի մասին: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը` հղում տալով հետաքննությանը ծանոթ աղբյուրին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ անհասկանալի է, թե արդյոք Հանթերի աշխատանքը ուկրաինական ընկերությունում կարևոր նշանակություն ունի հետաքննության համար։ Նաև նշվում է, որ Արդարադատության նախարարությունը վերջին տարիներին ուսումնասիրում է նրա եկամտի բոլոր աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությունը: Հետաքննության շրջանակներում Արդարադատության նախարարությունը փաստաթղթեր է պահանջել նաև Չինաստանի հետ Հանթերի գործարար հարաբերությունների և «այլ ֆինանսական գործարքների» վերաբերյալ:
Երկու աղբյուրներ գործակալությանը հայտնել են, որ 2018-ին սկսված հետաքննությունն ինչ-որ պահի կենտրոնացել է նաև փողերի լվացման հնարավոր հանցագործությունների վրա:
Ավելի վաղ Բայդեն կրտսերը հայտնել էր, որ Դելավեր նահանգի իշխանությունները հետաքննում են իր վճարած հարկերը, իսկ Ջո Բայդենը, ով ըստ նախնական տվյալների, ընտրվել է Միացյալ Նահանգների նախագահ, աջակցություն է հայտնել իր որդուն: