«Անկարան արջի ծառայություն է մատուցում. Բաքուն պետք է զգուշանա Անկարայից». Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Պակաինը Բաքվին խորհուրդ է տվել զգուշանալ Անկարայից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի քննադատությունից հետո, փոխանցում է ria.ru-ն։
«Էրդողանը, բանաստեղծությունը կարդալով, ցույց է տվել պատմության, աշխարհագրության չիմացությունը, ստեղծագործության իմաստն ու տարածաշրջանի իրավիճակը չհասկանալը։ Նա բարձրացրել է Իրանից ադրբեջանական շրջանների անջատման սուր հարցը, ինչպես նաև կասկածի տակ է դրել Ադրբեջանի Հանրապետության անկախությունը։ Իր բարեկամությամբ Անկարան արջի ծառայություն է մատուցում Բաքվին։ Բաքուն պետք է զգուշանա Անկարայից»,- Twitter-ում գրել է նախկին դեսպանը:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հաղորդել էր, որ Թեհրանում Թուրքիայի դեսպանը այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համար Իրանի ԱԳՆ է կանչվել։
«Թուրք դեսպանին հայտնել են, որ տարածքային հավակնությունների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ ավարտվել է»,- նշել էր նա։
Ղաթիբզադեի խոսքով՝ «ընդգծվել է, որ Իրանը ոչ մեկին թույլ չի տա խախտել իր տարածքային ամբողջականությունը»։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Թուրքիան ի պատասխան ԱԳՆ-ն է կանչել Անկարայում Իրանի դեսպանին։
«Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայում Իրանի դեսպանին իր դժգոհությունն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի անհիմն մեղադրանքների կապակցությամբ»,- հաղորդել էր Anadolu լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին Էրդողանը, Բաքվի զորահանդեսի ժամանակ իր ելույթում, մեջբերել է ադրբեջանցի բանաստեղծ Բախթիյար Վահաբզադեի խոսքերը, որն ասել է․ «Արաքսը մեզանից բաժանեցին, երկաթներով ու քարերով լցրին, ես քեզնից չէի բաժանվի, մեզ ստիպողաբար են բաժանել»։ Նման ձևով Էրդողանն ակնարկել է այն մասին, որ Ադրբեջանի տարածքները նվաճված են։