Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ
Նախօրեին Թեհրանում Թուրքիայի դեսպանը այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համար Իրանի ԱԳՆ էր կանչվել, ինչին ի պատասխան Թուրքիան ԱԳՆ-ն է կանչել Անկարայում Իրանի դեսպանին, գրում է AMN-ն։
«Թուրքիայի ԱԳՆ-ն Անկարայում Իրանի դեսպանին իր դժգոհությունն է հայտնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի անհիմն մեղադրանքների կապակցությամբ»,- հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հաղորդել էր, որ Թեհրանում Թուրքիայի դեսպանը այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համար Իրանի ԱԳՆ է կանչվել։
«Թուրք դեսպանին հայտնել են, որ տարածքային հավակնությունների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ ավարտվել է»,- նշել էր նա։
Ղաթիբզադեի խոսքով՝ «ընդգծվել է, որ Իրանը ոչ մեկին թույլ չի տա խախտել իր տարածքային ամբողջականությունը»։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին Էրդողանը, Բաքվի զորահանդեսի ժամանակ իր ելույթում, մեջբերել է ադրբեջանցի բանաստեղծ Բախթիյար Վահաբզադեի խոսքերը, որն ասել է․ «Արաքսը մեզանից բաժանեցին, երկաթներով ու քարերով լցրին, ես քեզնից չէի բաժանվի, մեզ ստիպողաբար են բաժանել»։ Նման ձևով Էրդողանն ակնարկել է այն մասին, որ Ադրբեջանի տարածքները նվաճված են։