ԱՄՆ-ն պատրաստվում է 1 մլրդ դոլարի զենք վաճառել Մարոկկոյին. Reuters
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին տեղեկացրել է Մարոկկոյին անօդաչու սարքերի (ԱԹՍ) և ճշգրիտ ղեկավարվող զենքի հնարավոր վաճառքի մասին, գրում է Reuters լրատվական գործակալությունը՝ սեփական իրազեկ աղբյուրներին հղումով։
Ըստ ԶԼՄ-ի՝ նախատեսվող գործարքը գնահատվում է 1 միլիարդ ԱՄՆ միլիարդ:
Ըստ ծանուցագրերի բովանդակությանն իրազեկ աղբյուրների՝ վաճառքի ցուցակում ներառված են չորս MQ-9B SeaGuardian հետախուզական անօդաչու սարք, Hellfire կառավարվող հրթիռներ, ինչպես նաև Paveway և JDAM ղեկավարվող օդային ռումբեր:
Հիշեցնենք՝ դեռևս հինգշաբթի օրը Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Մարոկկոն պայմանավորվել են լիարժեք դիվանագիտական հարաբերությունների շուրջ, և դա անվանել են Մերձավոր Արևելքում խաղաղության հսկայական ձեռքբերում: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, իր հերթին, ասել էր, որ Իսրայելն ու Մարոկկոն քրտնաջան կաշխատեն հնարավորինս շուտ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և ուղիղ թռիչքներ հաստատելու ուղղությամբ:
Ավելին՝ նույն օրը Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել էր նաև այն մասին, որ ստորագրել է Արևմտյան Սահարայի նկատմամբ Մարոկկոյի ինքնիշխանությունը ճանաչող հռչակագիր:
Արևմտյան Սահարայում տիրող իրավիճակը մի քանի տասնամյակ մնում է միջազգային վեճի առարկա: 1970-ականների կեսերին ստեղծված «Ֆրոնտ Պոլիսարիոն» (Սագուա էլ Համրայի և Ռիո դե Օրոյի ազատագրման ժողովրդական ճակատ) տարածաշրջանում անկախության է ձգտում։ Այն իսպանացի գաղութարարների հեռանալուց հետո հռչակվել է Սահարայի Արաբական ժողովրդավարական հանրապետություն և Ալժիրի աջակցությամբ սկսել է զինված պայքար մղել: Հակամարտության գոտում մարտերը շարունակվել են մինչ 1991 թվականը և դադարեցվել են միայն այն բանից հետո, երբ ՄԱԿ-ը տարածաշրջան խաղաղապահ առաքելություն է ուղարկել:
Չնայած միջազգային հանրության բազմաթիվ խաղաղարար նախաձեռնություններին, այս վեճը դեռևս լուծված չէ: Մարոկկոն Արևմտյան Սահարան համարում է իր անբաժանելի մասը և թույլ է տալիս միայն նրան լայն ինքնավարություն տրամադրել: 2007-ի հունիսից Մարոկկոն և Ֆրոնտ Պոլիսարիոն բանակցությունների չորս փուլ են անցկացրել, որոնք բոլորն էլ որևէ արդյունքի չեն հանգեցրել։