«Խնդրում եմ ուշադիր կարդացեք Իրանի և մասնավորապես՝ Իսլամական Հանրապետության պատմությունը». իրանցի բարձրաստիճան պաշտոնյան «խորհրդով» դիմել է Էրդողանին
Իրանի խորհրդարանի խոսնակի միջազգային հարցերով հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել լավ ուսումնասիրել պատմությունը, գրում է IRNA գործակալությունը։
«Էրդողանի վերջին դիտողություններն ինձ ապշեցրել են։ Հետաքրքիր է՝ Թուրքիայի նախագահը գիտի՞՝ ինչ է խոսում։ Պարոն նախագահ, հարևանության և էքսպանսիոնիզմի ակնկալիքի միջև տարբերություն կա»,-Twitter-ի իր էջում գրել է Աբդոլլահիանը:
Նա նաև Էրդողանին կոչ է արել հայտարարություններով հանդես գալուց առաջ կարդալ պատմությունը։
«Խնդրում եմ ուշադիր կարդացեք Իրանի և մասնավորապես՝ Իսլամական Հանրապետության պատմությունը», - հավելել է նա։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն հաղորդել էր, որ Թեհրանում Թուրքիայի դեսպանը այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համար Իրանի ԱԳՆ է կանչվել։
«Թուրք դեսպանին հայտնել են, որ տարածքային հավակնությունների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ ավարտվել է»,- նշել էր նա։
Ղաթիբզադեի խոսքով՝ «ընդգծվել է, որ Իրանը ոչ մեկին թույլ չի տա խախտել իր տարածքային ամբողջականությունը»։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին Էրդողանը, Բաքվի զորահանդեսի ժամանակ իր ելույթում, մեջբերել է ադրբեջանցի բանաստեղծ Բախթիյար Վահաբզադեի խոսքերը, որն ասել է․ «Արաքսը մեզանից բաժանեցին, երկաթներով ու քարերով լցրին, ես քեզնից չէի բաժանվի, մեզ ստիպողաբար են բաժանել»։ Նման ձևով Էրդողանն ակնարկել է այն մասին, որ Ադրբեջանի տարածքները նվաճված են։