«Այսօր մեր երկիրը բժշկական հրաշքի է հասել». Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կսկսվեն 24 ժամից էլ պակաս ժամանակահատվածում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է այն փաստը, որ ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը (FDA) հավանություն է տվել BioNTech ընկերության կողմից մշակված Pfizer պատվաստանյութի կիրառմանը՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարելու հարցում, և հավաստիացրել է, որ ԱՄՆ-ում պատվաստումները կսկսվեն 24 ժամից պակաս ժամանակում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Այս առնչությամբ իր թվիթերյան միկրոբլոգում տեղադրված տեսաուղերձում նա մասնավորապես նշել է․ «Այսօր մեր երկիրը բժշկական հրաշքի է հասել: Մենք ընդամենը ինն ամսվա ընթացքում ստեղծեցինք անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ: Սա պատմության ամենամեծ գիտական առաջընթացներից մեկն է»։
Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգներն աշխարհում առաջին երկիրն է, որը մշակեց պատվաստանյութ, որի անվտանգությունն ու արդյունավետությունը կարելի է հաստատել:
«FedEx-ի և UPS-ի (ամերիկյան փոստային ընկերություններ, -խմբ․) հետ համագործակցությամբ մենք արդեն սկսել ենք պատվաստանյութերի առաքումն ԱՄՆ բոլոր նահանգներ և հասցեներ: Առաջին պատվաստումը կիրականացվի 24 ժամից էլ պակաս ժամանակահատվածում», - հայտնել է Սպիտակ տան ղեկավարն ու նշել, որ «պատվաստանյութը անվճար կլինի բոլոր ամերիկացիների համար»:
Հիշեցնենք՝ ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունն ուրբաթ օրը հաստատել է BioNTech ընկերության Pfizer պատվանյութի դիմումը`արագացված արտակարգ ընթացակարգով իրենց պատվաստանյութը գրանցելու վերաբերյալ: Հարցին, թե արդյո՞ք BioNTech-ի պատվաստանյութի օգտագործման առավելությունները գերադասում են հավանական ռիսկերից, փորձագետները դրական պատախան են տվել։
Նշենք՝ օգոստոսի 11-ին Ռուսաստանն աշխարհում առաջինը գրանցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը ստացել է Sputnik V անվանումը: Դեղը մշակվել է Ռուսաստանի առողջապահության նախարարության Ն.Ֆ. Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից: