Բաքուն սկզբում պատրաստակամություն է հայտնել հրադադար ստորագրել Ղարաբաղի հետ. Կազիմիրով
1994 թվականին Ադրբեջանը նախ պատրաստակամություն է հայտնել հրադադար ստորագրել Ղարաբաղի հետ: Այդ մասին դեկտեմբերի 11-ին ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
Նա հիշեցրել է, որ մայիսի 9-ին Ալիեւը հանձնարարել է պաշտպանության նախարարին ստորագրել համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի հետ հրադադարի մասին, որից հետո Ադրբեջանի նախագահը պահանջել է աշխատել հրադադարի գործընթացում Երեւանին ավելացնելու ուղղությամբ:
«Հայաստանից անսպասելիորեն համաձայնվել են: Այդպես առաջացել է հրադադարի եռակողմ համաձայնությունը, իսկ Մոսկվան առաջինն է ճանաչել Լեռնային Ղարաբաղը՝ որպես հակամարտության կողմ, ինչը, սակայն, չի նշանակում դրա անկախության ճանաչում: Անկասկած էր մեկ բան. Ղարաբաղը հակամարտության կողմ էր: Այդպիսի ճանաչում էր այն ստացել նաեւ ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ. նույնպես ընդգծվել էր երեք կողմերի մասնակցությունը»,-նշել է Կազիմիրովը:
Նրա խոսքով՝ 1990-ականների հակամարտության սկզբում միջնորդական առաքելություն էր ցանկանում իրականացնել Թեհրանը, սակայն հայերի կողմից Շուշին գրավելուց հետո հրաժարվել էր այդ մտքից:
«1991 թվականին Ժելեզնովոդսկում նախագահ Ելցինի եւ Նազարբաեւի հետ խորհրդակցությունից հետո բանակցություններն ընթացել են Ռուսաստանի եւ ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ: Հենց այդ ձեւաչափով անհրաժեշտ է շարունակել աշխատանքը»,-եզրակացրել է դիվանագետը: