Զատուլին. Բաքվի շքերթը ոչ միայն հայերին և Հայաստանին, այլև Ռուսաստանին նվաստացնելու փորձ է
Երեկ Բաքվում կազմակերպված շքերթը վիրավորանք և նվաստացման փորձ էր ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, այլև որպես Հայաստանի դաշնակից Ռուսաստանի համար: Այդ մասին դեկտեմբերի 11-ին ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի և Հայրենական մեծ պատերազմի և ֆաշիզմի դեմ պայքարի միջև Ադրբեջանի նախագահի արված զուգահեռները կեղծ են և վիրավորական և արժանի դատապարտման:
«Ռուսաստանը հասկանում է, որ ստորագրված հայտնի համաձայնագիրը ԼՂ հիմնախնդրի վերջնական լուծումը չէ, քանի որ դրանում ոչինչ չի ասվում ԼՂ մնացած մասի կարգավիճակի մասին:
Ես կտրականապես անհնար եմ համարում ուժի միջոցով բանակցություններ վարելը: Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հայտնվելուց հետո, հուսով եմ, դա տեղի չի ունենա:
Ալիևը հասկանում է, որ Զանգեզուրի, Երևանի և Սևանի՝ Ադրբեջանին «պատկանելու» մասին հայտարարությունները սադրանք են»,-ասել է պատգամավորը:
Զատուլինը հիշեցրել է, որ Ալիևը խոսել է Երևանի խանության մասին դեռևս մի քանի տարի առաջ:
«Նրա պահանջներն անիրատեսական են: Քարոզչական հայտարարությունները, ինչպես օրինակ՝ Ադրբեջանում գործող քրիստոնեական եկեղեցիների կամ 20 հազար հայերի մասին, որոնք ապրում են Թուրքիայում, որեւէ քննադատության չեն դիմանում:
Այդ 20 հազար հայերը, որոնք, իբր, ապրում և բարգավաճում են այնտեղ՝ Թուրքիայում, ավելի շատ կլինեին, եթե չլիներ ցեղասպանությունը:
Դրանից հետո որոշ երկրներ իրենց «ֆեյք» տարբերակներն են առաջադրում, թե ինչ է տեղի ունեցել խորհրդային շրջանում Բաքվում և Սումգայիթում, քննարկում են Հայաստանից ադրբեջանցի փախստականների հարցը և մոռանում են ասել, որ Ադրբեջանից հայ փախստականներն ավելի շատ են:
Վառոդը պետք է չոր պահել, սակայն կա երաշխիք, որը հայտնվել է այսօր եւ որը պետք է ամրապնդել, եւ դա Ռուսաստանի միջամտությունն է անմիջապես հակամարտության գոտում»,-եզրափակել է Զատուլինը:
Նշենք, միջազգային «Լազարյան ակումբի» խորհրդի հայտարարության մեջ ևս ասվում էր նույն պնդումը.
«Ոսկորների վրա պարը», որը կազմակերպվել էր դեկտեմբերի 10-ին Բաքվում եւ անվանվել «հաղթանակի շքերթ», սադրանք էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից և հրապարակային նվաստացում Հայաստանի և հայ ժողովրդի համար
«Եվ ոչ միայն: Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են: Միջազգային «Լազարյան ակումբի» խորհուրդը, որը միավորում է Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներին, համոզված է, որ ագրեսիվ ժեստ պարունակող շքերթի կազմակերպիչները վիրավորանք են հասցրել ոչ միայն Հայաստանին, այլեւ Ռուսաստանին:Այդ կապակցությամբ հատկապես սրբապղծություն է Ադրբեջանի նախագահի հնչեցրած արտահայտությունը, ով զուգահեռներ էր անցկացրել 1945 թվականի ֆաշիզմի դեմ Մեծ Հաղթանակի հետ: Կարծում ենք, որ նման պատմական զուգահեռները կեղծ են, վիրավորական եւ ավելին՝ հանցավոր:
Երեկ Բաքվում կայացած շքերթը նշանակում է Թուրքիայի նեոօսմանական պահանջների օրինականացում եւ փորձ՝ ի շահ իրեն վերաշարադրելու տարածաշրջանի պատմությունը: Դա հրապարակավ արտահայտվեց թուրք առաջնորդ պարոն Էրդողանի ներկայությամբ, Էնվեր փաշայի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպչի բացահայտ հիացմունքով, ծափահարությունների ներքո, 1918 թվականի թուրքական ինտերվենտների համազգեստով զինվորականների անցումով:
Հայաստանի համար այդ նվաստացումը չէր լինի, եթե Երեւանում լինեին պատասխանատու եւ գրագետ քաղաքականություն վարող իշխանություններ, որոնք ունակ են ղեկավարել պետությունն ու առաջ տանել սեփական ժողովրդի շահը: Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը երկիրը հասցրեց մահվան գծի: Հենց այդ իշխանությունն է այսօր պատասխանատվություն կրում հայ ժողովրդի առջեւ:
Նիկոլ Փաշինյանը կորցրեց հայկական եկեղեցու, բոլոր մտածող եւ կարեկցող հայերի եւ աշխարհում Հայաստանի ընկերների վստահությունը: Կառչելով իշխանությունից՝ նա ամեն օր ստիպված է դիմել բռնաճնշումների, որն ուղեկցում է «ժողովրդի կամքի» և «ժողովրդի թշնամիների» մասին դեմագոգիայով: Բռնապետություն է փորձում հաստատել ձախողման և նվաստացման գլխավոր մեղավորը:
Համոզված ենք, որ հայ ժողովուրդը կորոշի իր ճակատագիրը, Հայաստանը պետք է հետևություններ անի Ղարաբաղի ծանր դասից, պետք է միավորվի, որպեսզի հաղթահարի կորուստների և հիասթափությունների դառնությունը: Ադրբեջանի եւ Թուրքիայի նման հարեւանների շրջապատում հայ ժողովուրդը Հայաստանում չի կարողանա լիարժեք գոյություն ունենալ եւ առաջ շարժվել:
Որքան շուտ հայ հասարակութունն օրինական լուծում գտնի և հասնի համաձայնության, այնքան շուտ կընդունվեն իրական միջոցներ պաշտպանունակությունը, տնտեսությունն ու հայ ժողովրդի ոգին վերականգնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ: