Էրդողանը С-400 համակարգերի գնման պատճառով ԱՄՆ հավանական պատժամիջոցները բնորոշել է «անհարգալից վերաբերմունք ՆԱՏՕ-ի գործընկերոջ նկատմամբ»
ԱՄՆ-ի՝ Թուրքիայի նկատմամբ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով պատժամիջոցներ կիրառելու մտադրությունը ՆԱՏՕ-ի անդամ կարևոր գործընկերոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Ադրբեջանից վերադառնալիս իր ինքնաթիռում գտնվող լրագրողներին տված հարցազրույցում, գրում է Haberturk լրատվականը:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է, ԱՄՆ-ը նույնպես ՆԱՏՕ-ի երկիր է: Թուրքիան դաշինքի հինգ ամենակարևոր երկրներից մեկն է, ուստի այն սովորական երկիր չէ: Եթե ավելի վաղ պարոն Թրամփը կամ Օբաման հպարտությամբ ասում էին, որ ՆԱՏՕ-ում կա այնպիսի երկիր, ինչպիսին Թուրքիան է, ապա այժմ ԱՄՆ-ն CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենք) է կիրառում Թուրքիայի դեմ: Սա անհարգալից վերաբերմունք է ՆԱՏՕ-ի շատ կարևոր գործընկերոջ նկատմամբ: Ես սա այսպես եմ տեսնում»,-ասել է Էրդողանը:
Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել է 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգեր՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չի պահել, և վերջինս շարունակել է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ: