Ռուսաստանն ու Չինաստանը հետևողականորեն հակաարևմտյան դաշինք են ստեղծում. The Korea Times
Կորոնավիրուսի համաճարակի ընթացքում միջազգային հարաբերությունների ամենահետաքրքիր նշանը Ռուսաստանի և Չինաստանի միջև քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունների ամրապնդումն էր: Մի շարք վերլուծաբանների կարծիքով ՝ Մոսկվան և Պեկինը դաշինք են կազմում, որի նպատակն է համատեղ դիմակայել Արևմուտքից բխող սպառնալիքներին: Այս մասին գրում է The Korea Times-ը:
Երկու երկրների փոխադարձ ջերմ տրամադրության վկայություններից մեկը վերջերս ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հանդիպումն էր իր չինացի գործընկեր Լի Կեցյանի հետ, որի ընթացքում, բարեկամական մթնոլորտում, կողմերը քննարկել են արտաքին քաղաքականության, տնտեսության և անվտանգության կարևոր հարցեր:
Երկրների միջև կապերն ամրապնդվում են հակավիրուսային պատվաստանյութի մշակման, ինչպես նաև ռուս-չինական հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի համագործակցության ֆոնին. այն կգործի ՌԴ «Տունդրա» արբանյակների և ՉԺՀ-ում տեղակայված «Վորոնեժ» տիպի մոդուլային ցամաքային ռադիոլոկացիոն կայանների հիման վրա:
Նման նախաձեռնություններն Արևմուտքում աննկատ չեն մնացել: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դեկտեմբերի 1-ին նշել է, որ «Մոսկվան ու Պեկինը աճող վտանգ են ներկայացնում արևմտյան դաշնակիցների համար»:
Դրան գումարվում է Վաշինգտոնի դիվանագիտական հեռվացումն ինչպես Մոսկվայից, այնպես էլ Պեկինից, ինչի պատասխանն է դարձել ցամաքում և ծովում ռուս-չինական համատեղ զորավարժությունները: Այսպիսով, Ռուսաստանը և Չինաստանը հետևողականորեն ստեղծում են հակաարևմտյան դաշինք: