Ադրբեջանի հետ Նախիջևանը կապող միջանցքի դրույթը շատ հարցերի տեղիք է տալիս. ամերիկացի վերլուծաբան
ՌԴ ու Թուրքիան շարունակում են ակտիվորեն քննարկել ԼՂ հակամարտության հարցեր: Կողմերն ունեն նաեւ անհամաձայնություններ: Անորոշ է՝ ինչպիսի դիրքորոշում կորդեգրի Բայդենի վարչակազմը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Վաշնգտոնը շատ հարցեր ունի ՌԴ միջնորդությամբ հրադադարի, ԼՂ հարցում Թուրքիայի դերակատարության մասին, օրերս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը՝ ընդգծելով ԱՄՆ մտահոգությունները Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված օտարերկրյա զինյալների եւ տրամադրած զինամթերքի վերաբերյալ:
Վերլուծաբան Մայքլ Ռուբինը շեշտում է՝ եռակողմ հայտարարությունը զինադադար է, այլ ոչ խաղաղության պայմանագիր, որի մանրամասները պետք է որոշվեն բանակցային ճանապարհով: Խնդրահարույց է հատկապես, ըստ փորձագետի, Ադրբեջանի հետ Նախիջեւանը կապող միջանցքի դրույթը, որը շատ հարցերի տեղիք է տալիս, ներառյալ միջանցքի վերահսկողության եւ այլ խնդիրների շուրջ: Այն խնդրահարույց է նաեւ Թուրքիայի ու ՌԴ հարաբերությունների համատեքստում:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհանգստացնում է Հարավային Կովկասում թուրքերի հաստատման հարցը: Դա չի բխում Ռուսաստանի շահերից: Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի անդամ: Չեմ բացառում, որ ռուսները կարող են ներքաշվել շատ ավելի լայն հակամարտության մեջ: Եվ այդ դեպքում սա իսկապես վտանգավոր սցենար է, երբ ՌԴ հակամարտության մեջ է ՆԱՏՕ-ի անդամի հետ»,- ասում է նա:
Թուրքիայի նախագահի օգնական Իբրահիմ Քալին օրերս ընդգծել է, որ Անկարան համաձայն չէ ԼՂ հակամարտությունում Հայաստանի մոտեցումների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումների հետ: Նրա կարծիքով արեւմտյան տերությունները պետք է որպես ձեռքբերում դիտարկեն Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայությունը:
«Եթե նրանք հարց բարձրացնեն ռուսների այնտեղ ներկայության մասին առաջիկա հինգ գումարած հինգ տարիներին, ապա առաջարկում եմ հիշել պատմությունը: Ռուսներն այնտեղ են ավելի քան 100 տարի: Եթե նրանք իսկապես մտահոգված են ՌԴ ռազմական ներկայությամբ, ապա կարող են խնդրել Հայաստանի կառավարությանը վերջ դնել ՀՀ-ում ռուսական ռազմակայաններին»,- ասել է նա:
Ղարաբաղն այսօր գտնվում է հիմնականում Ռուսաստանի վերահսկողության տակ, ասում է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմ դե Վալն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում: Մոսկվայի համար այն ունի ռազմավարական նշանակություն, որը ՌԴ չի ցանկանում կորցնել, նշում է վերլուծաբանը:
Այսօր ԼՂ հարցը շարունակում է գտնվել ռուս-թուրքական երկխոսության կենտրում: ՌԴ ԱԳՆ տեղեկությամբ, դեկտեմբերի 10-ին ՌԴ ու Թուրքիայի արտգործնախարարների միջեւ կայացած հեռախոսազրույցում կողմերն ընդգծել են համատեղ դիտարկման կենտրոնի շրջանակներում ԼՂ-ում հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ երկու երկրների ջանքերը համակարգելու անհրաժեշտությունը Հարավային Կովկասում իրավիճակի հետագա կայունացման համար:
Մայքլ Ռուբինի կարծիքով, սակայն, այսօր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը պարունակում է սպառնալիքներ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանը՝ հաշվի առնելով ռուսական եւ թուրքական ռազմական ներկայությունը:
«Ալիեւը կարող է խոսել հաղթանակի մասին, բայց նա հիմնականում կորցրել է Ադրբեջանի ինքնիշխանությունը: Միեւնույն ժամանակ, հատկապես հայկական ընդդիմության շրջանում գոյություն ունեն մոտեցումներ, որ եթե Թուրքիայի եւ Ադրբեջանի պատճառով առկա են անվտանգության սպառնալիքներ, ապա, միգուցե, հնարավոր է անվտանգություն ձեռք բերել ՝ ավելի սերտ հարաբերություններ հաստատելով ՌԴ-ի հետ, անգամ ՀՀ-ի ինքնիշխանության հաշվին»,- նշում է Ռուբինը:
Նա այս առումով կարեւորում է ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում: Ըստ նրա, Վաշինգտոնը դասեր քաղեց Թրամփի ու Օբամայի օրոք այս տարածաշրջանի խնդիրներն անտեսելուց, սակայն նոր վարչակազմի մոտեցումներն այս հարցերում դեռեւս պարզ չեն: Պատրաստ է արդյոք Բայդենի կառավարությունը քայլեր ձեռնարկել՝ Մինսկի խմբի շրջանակում Թուրքիային եւ Ռուսաստանին սաստելու համար: Արդյո՞ք այս քայլերը ուշացած չեն եւ արդյո՞ք հետաքրքված կլինի ամերիկյան նոր վարչակազմն այս տարածաշրջանի հարցերով՝ հաշվի առնելով ԱՄՆ առջեւ ծառացած բազմաթիվ ներքին եւ արտաքին մարտահրավերները: Այս եւ նմանատիպ շատ այլ հարցեր, ըստ Ռուբինի, դեռեւս մնում են անորոշ: