Ռուսաստանը և Սիրիան Այն Իսա քաղաքում կառուցելու են ռազմական դիտակետեր
Սիրիայի հյուսիսում M4 մայրուղու վրա գտնվող ռազմավարական Այն Իսա քաղաքատիպ ավանում, որը ժամանակին Թուրքիայի աջակցությամբ գործող խմբերի կողմից հրետանային կրակի տակ էր պահվում, «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF), Ռուսաստանի և Սիրիայի բանակները համաձայնություն են ձեռք բերել։
Ինչպես հաղորդում է թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, ըստ վերոնշյալ համաձայնագրի՝ այդ շրջանում հրադադարի ռեժիմի պահպանումը հսկելու նպատակով կառուցվելու է 3 համատեղ ռազմական դիտակետ։ Լուրը հաստատվել է նաև Թել Աբյադի ռազմական խորհրդի հրամանատար Ռիյադ Հալեֆի կողմից։
Ենթադրաբար, անցյալ շաբաթ Այն Իսայի ռուսական բազայում ռուսական և սիրիական բանակի սպաները հանդիպել են «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» հրամանատարների հետ, որպեսզի քննարկեն այս հարցը: Այն Իսայի ռազմական խորհրդի աղբյուրներից մեկը քրդական Rudaw գործակալությանը ուղղած հայտարարության մեջ նշել է, որ ռուս սպաները Թուրքիայի ԶՈՒ աջակցությամբ զինված խմբավորումների այդ տարածք ներխուժումները որակել են որպես՝ լուրջ սպառնալիք։