Ես տղամարդ լինեի, իմ մռութը կջարդեր. Աղասի Այվազյանի այրին դատի է տալու Ռոբերտ Ամիրխանյանին
Ռոբերտ Ամիրխանյանին պատիվ չի բերում գրագողությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատերագետ Լևոն Մութաֆյանը նման կարծիք հայտնեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի վերաբերյալ, նշելով, որ «Երազ իմ երկիր հայրենի» հայտնի երգի բառերի հեղինակը ոչ թե Ամիրխանյանն է, այլ Աղասի Այվազյանը, երաժշտություն հեղինակն է Ամիրխանյանը:
Ասուլիսին ներկա Աղասի Այվազյանի այրին' Գրետա Վերդիյանը պատմեց, որ մի անգամ փողոցում Ամիրխանյանը տեսել է իրեն, կանգնեցրել, տիկին Գրետան էլ ուրախ բարևել է, ինչին ի պատասխան Ամիրխանյանը զայրացած ասել է. «Ի՞նչ է, ուզում եք դատի տալ: Հետո ասաց, որ ես տղամարդ լինեի, իմ մռութը կջարդեր»:
Գրետա Վերդիյանը հավելեց, որ Աղասի Այվազյանի բոլոր պիեսներում բանաստեղծություններ կան, իսկ Ամիրխանյանը բանաստեղծություններ չի գրել, «Երազ իմ երկիր հայրենի» երգի հեղինակն էլ Աղասի Այվազյանն է: Աղասի Այվազյանի այրին հաստատ որոշել է` «Ես դատի կտամ Ռոբերտ Ամիրխանյանին»: