Հոնդուրասի հարյուրավոր բնակիչներ, կազմելով քարավան, ուղևորվում են դեպի ԱՄՆ (լուսանկարներ)
Հոնդուրասի մի քանի հարյուր բնակիչներ, կազմելով քարավան, սկսել են ԱՄՆ արտագաղթել այն բանից հետո, երբ փոթորիկները հարվածել են երկրին: Սա նոր մարտահրավեր է ԱՄՆ նոր վարչակազմի համար՝ Կենտրոնական Ամերիկայից ապօրինի ներգաղթը կասեցնելու ջանքեր առումով, գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Աղբյուրը նկատում է, որ եթե արտագաղթի տեմպերն աճեն, ապա այն կարող է դառնալ առաջին խոշոր քարավանը, որն անցել է միջպետական ճանապարհն այն ժամանակվանից ի վեր, երբ Ջո Բայդենը, ըստ նախնական տվյալների, հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում:
Նշենք՝ գործող նախագահը, որը պետք է պաշտոնը լքի հունվարի 20-ին, անօրինական ներգաղթի զսպումը դարձրել էր գերխնդիր և ճնշում էր գործադրել Մեքսիկայի վրա՝ իրեն օգնելու համար:
Ի տարբերություն Դոնալդ Թրամփի՝ Բայդենը խոստացել է վարել «մարդասիրական» միգրացիոն քաղաքականություն և օգնություն առաջարկել Կենտրոնական Ամերիկային՝ միգրացիոն ճնշումները մեղմելու համար:
Հիշեցնենք՝ նոյեմբերին ընդամենը երկու շաբաթվա տարբերությամբ վրա հասած «Էտա» և «Յոտա» փոթորիկների պատճառով Հոնդուրասում զոհվել է շուրջ 100 մարդ, հողին են հավասարեցվել մեծաթիվ ենթակառուցվածքներ ու այլ շինություններ։ Համատարած վնասներ են կրել նաև հարևան Գվատեմալան և Նիկարագուան: