«Թուրքիան ոչ թե հունական կամ կիպրական, այլ համաեվրոպական խնդիր է». ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին Հունաստանի ԱԳՆ-ն դիվանագիտական մարաթոն է անցկացնում․ Greek City Times
Եվրոպական խորհրդի վաղվա նիստում, որտեղ Գերմանիան, ինչպես սպասվում է, կաջակցի Թուրքիային, Հունաստանն Անկարայի ագրեսիայի դեմ ընդհանուր ճակատում կարող է ակնկալել Ֆրանսիայի, Ավստրիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Դանիայի, Սլովենիայի, Սլովակիայի և այլոց աջակցությունը, գրում է հունական Greek City Times-ը։
Վաղվա գագաթնաժողովի և Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման նախաշեմին Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը վերջին օրերին դիվանագիտական մարաթոն է անցկացնում եվրոպական բոլոր երկրների, այդ թվում՝ Գերմանիայի հետ, գրում է թերթը։
Հունաստանի ԱԳ նախարարության աղբյուրները հայտնել են, որ Հունաստանի ջանքերը կարող են արգասաբեր լինել, եթե Գերմանիան չաջակցի Թուրքիային։
«Ներկայում և՛ նախարարը, և՛ նրա աշխատակիցները, ինչպես նաև եվրոպական բոլոր մայրաքաղաքներում հույն դիվանագետները համառորեն աշխատում են եվրոպացիներին համոզելու համար, որ Թուրքիան ոչ թե հունական կամ կիպրական, այլ համաեվրոպական խնդիր է»,-հայտարարել են աղբյուրները:
Նրանց խոսքով՝ կարևոր է, որ Թուրքիայի հարցը Եվրոպայում քննարկվի ոչ միայն «Հունաստան-Թուրքիա և Կիպրոս» հարաբերությունների համատեքստում, այլ նրա քննարկվի նրա անհանդուրժելի վարքագիծը Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում։
«Զգալի տեղաշարժ է նկատվում Թուրքիայի հարցով Եվրոպայի հասարակական կարծիքի և քաղաքականության մեջ, նախևառաջ թուրք նախագահի՝ իր ֆրանսիացի գործընկերոջ նկատմամբ ունեցած պառակտիչ վերաբերմունքի պատճառով։ Առաջին անգամ վաղվա նիստում, բացի Ֆրանսիայից, Թուրքիայի դեմ ընդհանուր ճակատում մեզ կաջակցեն Ավստրիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Դանիան, Սլովենիան, Սլովակիան»,- հայտնել են աղբյուրները։
Հիշեցնենք, որ վաղը կկայանա ԵՄ գագաթնաժողովը, որի ընթացքում կքննարկվի նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։