Թիրախում Մովսես Հակոբյանի նշած նախկին և ներկա պաշտոնյաներն են. ովքեր կհրավիրվեն հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այս տարվա նոյեմբերի 19-ին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ռազմական նախկին տեսուչ Մովսես Հակոբյանի հայտնի մամուլի ասուլիսից հետո, Հատուկ քննչական ծառայությունում լուրջ քննություն է ընթանում:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննության են հրավիրվել և հրավիրվում ներկա, նախկին պաշտոնյաներ: Խոսքն այն անձանց մասին է, ում անունները Մովսես Հակոբյանը տվել է մամուլի ասուլիսի ժամանակ, կամ էլ այն մարդկանց, ովքեր կարող էին ի պաշտոնե ազդեցություն կամ կապ ունենալ այն հանգամանքների հետ, որոնց մասին խոսել էր Հակոբյանը:
Մենք տեղեկացանք, որ առաջիկայում հարցաքննության կհրավիրվեն նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, քանի որ ասուլիսի ժամանակ նա երկուսի անունն էլ տվել է: Բացի այս, անուններից հնչել են նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի, Արցախ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի, Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի և այլ մարդկանց անուններ:
Նկատենք՝ Հակոբյանը ՀՔԾ հրավիրվեց անմիջապես մամուլի ասուլիսից երկու ժամ հետո, իսկ հիմա էլ կառույցում մեծածավալ քննչական աշխատանքներ են սկսվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: