Դեմագոգիան, որը շարունակ հնչում է Փաշինյանի խոսքում, օրեցօր ավելի դժվար է լսելը․ հրաժարականի պահանջ ներկայացնողներին վարկաբեկելու համար «ժողովրդին» վախեցնում է ընտրակեղծիքների վերադարձով. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ժողովուրդն ապրիորի զանգված չէ՝ ժողովուրդը կազմված է կոնկրետ մարդկանցից՝ ինձնից, այն մտավորականներից ու քաղաքական գործիչներից, նախկին նախագահներից ու կաթողիկոսներից, ԱԺ շենքի մոտ հավաքվածներից, որոնք պահանջում են վարչապետի հրաժարականը: Եթե կուզեք իմանալ՝ վերը թվարկված անձինք ավելի շատ իրավունք ունեն ժողովուրդ կոչվելու և երկրի ճակատագիրը որոշելու, քան այն պողոսներն ու սեռական հայհոյանքներ գրող ֆեյքերը, որոնց նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է՝ կհեռանամ, երբ ժողովուրդը պահանջի:
Այս դեմագոգիան, որը շարունակ հնչում է վարչապետ Փաշինյանի խոսքում, օրեցօր ավելի է դժվարանում լսելը: Ինչպես կարելի է 5 րոպեանոց խոսքում 500 անգամ օգտագործել «ժողովուրդ» բառը: Երբ հրաժարականի պահանջ ներկայացնողներին վարկաբեկելու համար «ժողովրդին» վախեցնում է ընտրակեղծիքների վերադարձով, նրանց քվեն խլելու վտանգով: Երբ իր բոլոր հանցավոր սխալների, Հայաստանի գլխին պատուհասած աղետի մասին խոսում է այնպես, կարծես խոսում է ընդամենը կարմիր լույսի տակ փողոցն անցնելու մասին: Երբ կարծում է, թե դեռ կան հարյուրհազարներ, որոնք ոչ մի աղետալի բան չեն տեսնում հազարավոր զոհերի, մեր հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելու, երկրի անվտանգությունն այսքան խոցելի դարձնելու, սահմաններն անպաշտպան թողնելու, ռուսի և ադրբեջանցու առաջ ամոթալի կապիտուլյացիայի մեջ:
Ոչ մի աղետալի բան չեն տեսնում, որ մեր պետությունը դադարել է լինելուց, իշխանությունը կորցրել է բոլոր լծակները, և կառավարման խորը ու անհուսալի ճգնաժամի մեջ ենք հայտնվել այսօր: Տվյալ պարագայում նման խրոխտ և ամբարտավան ելույթն ԱԺ դահլիճում՝ վարչապետի շուրթերից, ուղղակի հրամայական է դարձնում նրա հեռացումը: Այս մարդն անգամ չի գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: