Փաշինյանի հեռացման պահանջը ոչ միայն քանակական է, այլ առաջին հերթին որակական. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Արցախյան երկրորդ պատերազմում կրած ծանր պարտությունից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքը սկսել է ալեկոծվել, և ակտիվ գործընթացներ են ընթանում։ Առաջին հերթին օրակարգային է դարձել պարտված իշխանության հեռացման և Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը։ Խնդիրն այն է, որ, բացի Հայաստանի համար կարևոր քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրներից, դեռ բանակցային գործընթացում հայկական կողմերին պատշաճ կերպով ներկայացնելու խնդիր կա, որտեղ և պետք է հստակեցվեն ու պարզվեն Հայաստանի և Արցախի ապագային վերաբերող բազմաթիվ հարցեր։ Ըստ այդմ, ներկայիս իրավիճակում Փաշինյանը չունի վստահություն ու հեղինակություն, որ առաջիկայում կարողանա ներկայացնել Հայաստանը։
Ավելին, նրա գործողությունները որակվում են որպես թուլամորթություն ու դավաճանություն։ Եվ պատահական չէ, որ օր օրի վերջինիս հրաժարականի պահանջն ավելի մեծ արձագանք է ստանում հասարակական-քաղաքական շրջանակների կողմից։ Սակայն իշխանությունները ամեն կերպ կառչած են իրենց աթոռներից, ու չհեռանալու համար, ի թիվս այլ արհեստական պատճառաբանությունների, ներկայացվում է այն փաստարկը, թե իբր կառավարության հրաժարականի հանրային պահանջ չկա՝ հաշվի առնելով փողոց դուրս եկած մարդկանց, ըստ իշխանությունների, փոքր քանակը։ Իհարկե, շատ վիճելի է, թե ինչ չափանիշներով է որոշվում շատն ու քիչը: Սակայն դա դեռ հարցի մյուս կողմն է: Իրականում հրաժարականի հանրային պահանջը միայն քանակական տեսանկյունից չէ, որ պետք է դիտարկել։ Եվ եթե նշենք, թե ինչ շրջանակներ են բարձրացնում կառավարության հրաժարականի հարցը, ապա ասելիքն առավել պարզ կդառնա։ Այսպես, Փաշինյանի հրաժարականի հարցն է բարձրացնում մեր քաղաքական դաշտի կարևորագույն հատվածը։
ՀՀ նախկին և ներկա բոլոր չորս նախագահները հայտարարել են այդ մասին։ Նրանց կարծիքը կիսում են նաև ՀՀ նախկին 12 վարչապետներից 6-ը, կան տեղեկություններ, որ այդ կարծիքին են ևս երկուսը։ Քաղաքական կուսակցությունների հատվածից Փաշինյանի հրաժարականը ստեղծված ճգնաժամային իրադրության հանգուցալուծում են համարում ԱԺ 3 խմբակցություններից 2-ը, իսկ խորհրդարանից դուրս 17 կուսակցությունների դաշինքը, ինչպես նաև նրանց չմիացած բազմաթիվ այլ կուսակցություններ։ Եկեղեցու բարձր հոգևոր դասը նույնպես հայտարարում է Փաշինյանի հեռանալու անհրաժեշտության մասին։ Այդ կապակցությամբ Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները ուղերձներով հանդես եկան։
Այս տեսակետն արտացոլված է նաև գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի կարծիքներում։ Կրթության և գիտության ոլորտում առանցքային դերակատարություն ունեցող հաստատություններից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և ԵՊՀ գիտխորհուրդը վերջերս հայտարարություն տարածեցին Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Վերջին օրերին կտրուկ ավելանում է նաև այն համայնքապետների և վարչական մարմինների ղեկավարների թիվը, որոնք հանդես են եկել վարչապետի հրաժարականի վերաբերյալ հայտարարություններով։ Կառավարության հեռացման պահանջով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում նաև բազմաթիվ մտավորականներ (մեկ-երկու պատեհապաշտների բացառությամբ, իսկ այդպիսիք միշտ ու բոլոր ժամանակներում եղել են, որոնց համար Հայրենիքը ոչինչ է իրենց անձնական կոմֆորտի համեմատ), բազմաթիվ դիվանագիտական ծառայողներ, փաստաբաններ, սփյուռքյան շուրջ 100 կազմակերպություններ, 500-ից ավելի փաստաբաններ, ռուսաստանաբնակ հայազգի խոշոր գործարարներ և այլն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: