Էրդողան. ԵՄ պատժամիջոցները լուրջ ազդեցություն չեն ունենա Թուրքիայի վրա
Թուրքիայի դեմ Եվրամիության պատժամիջոցները լուրջ ազդեցություն չեն ունենա Թուրքիայի վրա: Այս մասին չորեքշաբթի ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Անկարայում Ադրբեջան այցից առաջ կայացած մամուլի ասուլիսին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«ԵՄ առաջարկած պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ լուրջ խնդիր չեն դառնա մեզ համար: ԵՄ-ն արդեն երկար տարիներ ժամանակ առ ժամանակ պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի դեմ»,- շեշտել է նախագահը:
Էրդողանը մեկնաբանել է նաեւ առկա իրավիճակը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում: «Ցավոք, զենքի ձեռք բերման հետ կապված նրանց քայլերն ու հայտարարությունները մենք ճիշտ չենք համարում: Ավելին, մենք ճիշտ չենք համարում նրանց մոտեցումը Սիրիայի հյուսիսում եւ Եփրատ գետից հյուսիս-արեւելք տիրող իրավիճակին: Նախ թող նա [ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենը] ստանձնի իր պաշտոնը, դրանից հետո մենք կնստենք պարոն Բայդենի հետ եւ կքննարկենք որոշ հարցեր»,- հավելել է Թուրքիայի ղեկավարը: