Իրանը հետ է կանչել Boeing-ի ավիաաղետի զոհերի ընտանիքներին փոխհատուցում վճարելու մասին առաջարկը
Թեհրանը հետ է կանչել Իրանի կողմից խոցված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» պատկանող Boeing օդանավի ավիաաղետի զոհերի ընտանիքներին փոխհատուցում վճարելու մասին առաջարկը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Եվգենի Ենինը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Իմ տեղեկություններով՝ Իրանի կառավարությունն արդեն հետ է կանչել այդ առաջարկը, քանի որ նախատեսվում էր, որ 200 մլն կհատկացվի ազգային զարգացման հիմնադրամից, ինչը լուրջ ներքին բանավեճեր է առաջացրել Իրանի հասարակության շրջանում»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ իրանական կողմի հետ փոխհատուցման չափերի մասին բանակցությունները դեռ չեն սկսվել, սակայն Կիեւը կողջունի ավիաաղետի զոհերի ընտանիքներին որոշակի չափով միջոցներ տրամադրելու Իրանի կառավարության ծրագրերը:
Նախօրեին ուկրաինական կողմը հայտարարել է, որ Թեհրանը պատշաճ կերպով չի իրականացնում հունվարին Իրանի կողմից ինքնաթիռի խոցման հետաքննության հարցով իր պայմանավորվածությունները, ինչն իր հերթին թույլ չի տալիս սկսել բանակցությունների հաջորդ փուլը: