Իրանը հայտարարել է կորոնավիրուսի դեմ սեփական մշակման պատվաստանյութի փորձարկումների մեկնարկի մասին
Իրանը հայտարարել է կորոնավիրուսի դեմ սեփական մշակման պատվաստանյութի` մարդկանց վրա փորձարկումների մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը` վկայակոչելով Իսլամական հանրապետության սննդամթերքի եւ դեղերի վերահսկման կազմակերպության ներկայացուցիչ Կիյանուշ Ջահանփուրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կորոնավիրուսի դեմ հայրենական մշակման պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա մեկնարկել են,- մեջբերում է գործակալությունը Ջահանփուրին:- Այն կամավորների վրա կփորձարկվի մեկ ամսվա ընթացքում»:
Նրա խոսքով` պատվաստանյութը երկուական անգամ կներարկվի կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքներով 18-ից 50 տարեկան կամավորներին: «Ներարկումներից հետո նրանց մոտ հակամարմինների եւ իմունիտետի մակարդակի ստուգում կանցկացվի»,- ասել է Ջահանփուրը:
Նախորդ շաբաթ Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին հույս էր հայտնել, որ կորոնավիրուսի դեմ հայրենական պատվաստանյութերը պատրաստ կլինեն արդյունաբերական արտադրության համար մինչեւ հաջորդ գարուն:
IRNA գործակալությունը հայտնում է, որ կորոնավիրուսի դեմ իրանական արտադրության եւս երեք պատվաստանյութ մարդկանց վրա փորձարկումների համար պետք է հաստատվի մինչեւ 2021 թվականի հունվարի վերջ: