«Բայդենը, ամենայն հավանականությամբ, կխուսափի Թուրքիայի հետ առճակատումից»․ ամերիկացի փորձագետ
ԱՄՆ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը, որը մի շարք ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կխուսափի Թուրքիայի հետ առճակատումից, եթե նման առիթ չստեղծվի, կարծում է Ամերիկյան առաջընթացի կենտրոնի ազգային անվտանգության և միջազգային քաղաքականության բաժնի ավագ գիտաշխատող Ալան Մակովսկին:
Մակովսկիի խոսքով՝ նախկին փոխնախագահը, ամենայն հավանականությամբ, կուսումնասիրի ԱՄՆ-ի և Թուրքիայի հնարավոր համագործակցության ոլորտները, հատկապես Ռուսաստանի դեմ։
«Բայդենը կցանկանա Թուրքիայի հետ որքան հնարավոր է պահպանել ամուր դիվանագիտական հարաբերությունները, բայց դա կարող է անհնարին լինել»,- նշել է նա։
Չնայած Բայդենի՝ «ընդհանուր առմամբ զգուշավոր» արտաքին քաղաքական գործելաոճին, Թուրքիայի համար կարևոր մի շարք հարցերում նրա դիրքորոշումը բացասաբար կարող է անդրադառնալ թուրքական կառավարության վրա:
Նրա խոսքով՝ այդ հարցերից մեկը ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման կապակցությամբ հնարավոր պատժամիջոցներն են, երկրորդը՝ Կիպրոսի վերաբերյալ դիրքորոշումը։
Մակովսկին նշել է նաև, որ Բայդենի վարչակազմի կառավարման առաջին ամիսներին ամերիկա-թուրքական հարաբերությունների հետագա վատթարացումը «գրեթե անխուսափելի» է թվում, եթե Թուրքիան չփոխի իր ներքին և տարածաշրջանային քաղաքականությունը: