«Թուրքիան պետք է առաջնորդ լինի Ղրիմի ճգնաժամի լուծման հարցում». Ուկրաինայի արտգործնախարար
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, որն այցելել է Թուրքիա` հանդիպելու Ղրիմի թաթարների ներկայացուցիչների հետ, նշել է, որ «Ղրիմյան հարթակ»-ում, որը ստեղծվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով, Թուրքիան կարող է առաջնորդի դեր ունենալ: Այս մասին գրում է inosmi.ru կայքը` հղում տալով թուրքական Star հրատարակությանը:
«Թուրքիան պետք է առաջնորդ լինի Ղրիմի ճգնաժամի կարգավորման հարցում»,-նշել է Կուլեբան՝ թուրքական NTV հեռուստաալիքի լրագրողի հետ զրույցում:
Նա նշել է նաև, որ այս հարթակին աջակցում է միջազգային հանրությունը:
«Թուրքիան այս առումով ամենահետևողական ու անկեղծ երկրներից մեկն է: Ղրիմը մի վայր է, որը միշտ եղել է ուկրաինացիների և թուրքերի սրտերում: Ոչինչ չի կարող ունենալ ավելի խորը իմաստ, քան այն, որ Թուրքիան դառնա այս հարթակի առաջնորդներից մեկը»,-նշել է Ուկրաինայի արտգործնախարարը:
Նշենք, որ Ուկրաինան Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը կորցրել է 2014 թվականին: Թերակղզին հանրաքվեի արդյունքներով ներառվել է ՌԴ կազմում: