Պենտագոնում հայտարարել են, որ Չինաստանը ռազմական հզորության առումով շուտով կհավասարվի ԱՄՆ-ին
Չինաստանի իշխանությունները սրընթաց մեծացնում են իրենց ռազմական հզորությունը և շատ շուտով Պեկինը կարղ է համեմատվել Վաշինգտոնի հետ: Այս մասին երեքշաբթի The Wall Street Journal-ի կազմակերպած առցանց սեմինարի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլլին։
Նրա կարծիքով՝ մոտ 30 տարի առաջ ռազմական առումով ԱՄՆ-ն ու Չինաստանն «անհնար էր համեմատել»։
«Բայց նրանք, ինչպես գիտեք, հզոր տնտեսություն են ստեղծել։ Նրանք մեծ գումարներ են ներդրել զինված ուժերի ամրապնդման համար»,- հավելել է Միլլին։
Նրա խոսքով՝ չինական կողմը մեծացնում է ռազմական ներուժը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տիեզերքում և կիբեռտարածքում:
«Նրանք ավիակիրներ են մշակում, նրանք ունեն չորրորդ և հինգերորդ սերնդի կործանիչներ, մշակել են ՀՕՊ շատ բարդ համակարգեր։ Կարճ ասած՝ նրանք արդեն այս պահին շատ հզոր զինված ուժեր են ստեղծել։ Եթե ներկայիս դրությունը պահպանվի, ապա ինչ-որ պահի ապագայում նրանք կհավասարվեն ԱՄՆ-ին»,- ընդգծել է նա:
The Wall Street Journal-ն այս կապակցությամբ նշում է, որ Չինաստանը հույս ունի մինչև 2035 թվականը ռազմական ներուժի հարցում հավասարվել ԱՄՆ-ին, իսկ «հարյուրամյակի կեսին» մտադիր է հնարավոր ռազմական հակամարտության դեպքում հաղթել Վաշինգտոնին:
Վերջին տարիների Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վատթարացել են։ Հարաբերությունների նոր սրման են հանգեցրել ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի՝ կորոնավիրուսի վերաբերյալ Պեկինի հասցեին հնչեցրած մեղադրանքները։