ԱՄՆ-ում հայտնել են Pfizer պատվաստանյութի փորձարկման վեց մասնակիցների մահվան մասին
Ամերիկյան Pfizer դեղագործական հսկայի և գերմանական BioNTech ընկերության կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների ժամանակ վեց մարդ է մահացել: Այս մասին ասված է ԱՄՆ-ի պարենի և դեղորայքի որակի վարչության (FDA) հաշվետվության մեջ:
«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ մահացածներից չորսը դատարկահաբ են ստացել, երկուսը՝ պատվաստանյութ։
Նշվում է, որ պատվաստված խմբի հիվանդներից մեկը ճարպակալում և աթերոսկլերոզ է ունեցել և մահացել է առաջին դեղաչափը ստանալուց երեք օր անց: Երկրորդ մահացած կամավորի մոտ սրտի կանգ է տեղի ունեցել երկրորդ դեղաչափը ստանալուց 60 օր անց։
Դատարկահաբ ստացածներից երկուսը մահացել են ինֆարկտից և ինսուլտից, ևս երկուսի մահվան պատճառը պարզվում է:
Վեց մահացածներից երեքը 55 տարեկանից բարձր են եղել։
Թեստերին մասնակցել է 16 տարեկանից բարձր մոտ 38 հազար մարդ։
Ավելի վաղ FDA-ն հաստատել էր Pfizer և BioNTech ընկերությունների կողմից մշակված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը։ Փաստաթղթերում ասվել է, որ այն ցույց է տվել անվտանգության պատշաճ մակարդակ, և որ օգտագործման համար խոչընդոտներ չկան: