Ինչ է փոխվել խորհրդարանական ընտրություններից երկու տարի անց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօր լրանում է 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ տարին: Երկու տարի առաջ՝ դեկտեմբերի 9-ին՝ թավշյա հեղափոխությունից ամիսներ հետո, տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, որտեղ էլ բացարձակ առավելություն ունեցավ «Իմ քայլը» դաշինքը:
Ընտրողները 884 հազար 849 ձայն տվել են Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին։ Վարչապետի պաշտոնակատարի առաջնորդած ուժը ստացել էր ձայների ճնշող մեծամասնությունը՝ 70,43 տոկոսը։ Երկրորդ տեղում էր Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 103 հազար 837 ձայն կամ 8,27 տոկոս։ Եվ եռյակը եզրափակում էր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը՝ 80 հազար 49 ձայն կամ 6,37 տոկոս:
Ըստ այդմ, «Իմ քայլը» դաշինքը նոր ԱԺ-ում ունեցավ 88 աթոռ, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18։ Իսկ ի՞նչ է արել խորհրդարանն այս երկու տարիների ընթացքում: Նախորդ մեկ տարվա ընթացքում խորհրդարանը թերևս ավելի կառուցողական էր աշխատում, փորձում էին ընդունել այնպիսի նախագծեր, որոնք կարող են օգտակար և կարևոր լինել քաղաքացիների համար, սակայն այս տարվա ընթացքում խորհրդարանը վերածվեց իշխանության և ընդդիմադիր խմբակցությունների միջև բանավեճի հարթակի:
Այսօր արդեն, ելնելով այսօրվա իրողություններից, այդ սրումն ավելի է խորացել, և չի լինում որևէ նախագիծ, որի քննարկման ժամանակ խորհրդարանում կրքերը չբորբոքվեն:
Ավելին՝ այսօր խորհրդանշական է, որ արտախորհրդարանական ընդդիմությունը քաղաքացիներին ուղղորդում է ԱԺ ժամը 16։00-ին՝ իր կամքը իշխող ուժին պարտադրելու համար»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: