Գվարդիոլա․ Ընտրում եմ այն կազմը, որը կարող է հաղթել
Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի կադրային սկզբունքների մասին։ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում մանչեսթերյան թիմը կընդունի ֆրանսիական «Մարսելին»։ «Մանչեսթեր Սիթին» ապահովել է տեղը 1/8 եզրափակիչում։
«Ես խաղացողներին հանգիստ չեմ տրամադրում։ Ընտրում եմ այն կազմը, որը կարող է հաղթել։ Ես չունեմ տարբեր կազմեր տարբեր մրցաշարերի համար։
Ագուերոյի մասնակցության վերաբերյալ որոշումը կլինի հանդիպման օրը։ Նա կմարզվի, կպատրաստվի խաղին եւ կարող է լինել պահեստայինների նստարանին։ Լավ է, որ արդեն մի քանի օր Սերխիոն մարզվում է ընդհանուր խմբում։ Նախկինում ունեցած խնդիրներն արդեն չկան։
Ֆերնանդինյոն հրաշալի հանդիպում անցկացրեց «Պորտուի» դեմ եւ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի շաբաթվա ընթացքում կարողանա դիմանալ երեք հանդիպման։ Բայց այսօրվա Ֆերնանդինյոն տարբերվում է չորս տարի առաջվա իր օրինակից»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
«Մանչեսթեր Սիթի» - «Մարսել» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին։
C խմբում «Մանչեսթեր Սիթին» 13 միավորով առաջինն է, «Պորտուն» ունի 10 միավոր եւ նույնպես նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգիր։ Հունական «Օլիմպիակոսն» ու «Մարսելն» ունեն 3-ական միավոր եւ վերջին տուրում կպայքարեն երրորդ տեղի եւ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգրի համար։