«Արցախյան վերջին հակամարտությունում Իրանն ավելի շատ աջակցել է Հայաստանին». ՌԴ ԳԱԱ փորձագետ
Պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ Լանա Ռավանդի-Ֆադային EADaily-ի հետ զրույցում անդրադարձել է արցախյան վերջին պատերազմին և նշել, որ Իրանի կողմից աննկատ չի մնացել այն, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում կռվել է իսրայելական զենքերով:
Հարցին այն մասին, թե ինչպես են Իրանում վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը, Ֆադային ասել է.«Չնայած այն փաստին, որ Իրանը շիական երկիր է, իսկ ադրբեջանցիները նույնպես շիաներ են, բայց վերջին հակամարտությունում Իրանը ավելի շատ աջակցել է Հայաստանին:
Դա պայմանավորված է բազմաթիվ գործոններով, ներառյալ որոշ պատմական իրադարձություններ, որոնք զարգացել են Ադրբեջանի և Իրանի միջև Խորհրդային միության փլուզումից հետո: Իրանում նաև քննադատորեն են նայում Ադրբեջանի և Ամերիկայի, և հատկապես Իսրայելի հետ սերտ հարաբերություններին: Իրանը տեսնում էր, որ Ադրբեջանը Ղարաբաղի տարածքում իսրայելական զենքով է կռվում»,-ասել է փորձագետը:
Նա ընդգծել է նաև թուրքական գործոնի դերն Իրանի կողմնորոշման գործում:
«Այո, դա նույնպես դեր ունեցել է, Թուրքիան որոշակի ազդեցություն ունեցել է: Իրանը մտահոգված է նաև այն փաստով, որ ադրբեջանական փոքրամասնությունն ամենամեծ էթնիկ խումբն է երկրում: Թեհրանին անհանգստացնում են երկու Ադրբեջանների ՝ իրանականի ու Բաքվի միավորման մասին խոսակցությունները: Բնական է, որ անջատողականությունը ոչ ոք չի չեղարկել: Բայց չենք կարող ասել, որ Իրանում բոլոր մարդիկ նույն կարծիքն ու տրամադրությունն ունեն: Երկրի հյուսիսում ապրում է ադրբեջանցիների մեծ մասը, և իհարկե նրանք Ադրբեջանի կողմից են: Դեպքեր են եղել, երբ նրանք փորձել են կանգնեցնել հայերի համար նախատեսված ռազմական բեռի տեղափոխումը: Քննարկվել է իրանական կառավարության օգնությունը: Այսինքն ՝ տարբեր տրամադրություններ են, տարբեր վերաբերմունք հակամարտության նկատմամբ: Հետևաբար, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ»,-նշել է փորձագետը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։