Ֆրանսիայում հայտնել են թռչնագրիպի բռնկման մասին
Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը հաղորդում է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Լանդի դեպարտամենտի 6000 բադ ունեցող թռչնաֆաբրիկայում խիստ ակտիվ H5N8 թռչնագրիպի վիրուսի բռնկման մասին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«ANSES ազգային տեղեկատու լաբորատորիան այսօր հաստատել է H5N8 վիրուսով վարակումը 6000 բադերի շրջանում` անասնապահական Բենեսի-Մարեմնե կոմունայում (Լանդի դեպարտամենտ), որտեղ դեկտեմբերի 5-ին մահացության բարձր ցուցանիշ կար», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի կեսերին H5N8 վիրուսի՝ երկրի կենդանաբանական խանութներում հայտնվելուց հետո սա առաջին վարակված ֆերման է Ֆրանսիայում:
«Այս H5N8 վիրուսը չի փոխանցվում մարդուն, ակտիվորեն շրջանառվում է Եվրոպայում վայրի բնության մեջ՝ չվող թռչունների միջոցով», - ասված է հաղորդագրության մեջ:
Որպես կանխարգելիչ միջոց, Լանդի դեպարտամենտի լաբորատորիայի կողմից ստացված առաջին փորձարկման արդյունքների ֆոնին, պրեֆեկտուրան հրաման է տվել ոչնչացնել ֆերմայի բոլոր բադերին: