Նիկոլի վերջին փրկօղակը. Միքայել Մինասյան
Նիկոլի վերջին փրկօղակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Կա մի թյուրըմբռնում, թե Վազգեն Մանուկյանը սոսկ ընդդիմության կոմպրոմիսային թեկնածուն է։ Դա բացարձակ այդպես չէ։ Վազգեն Մանուկյանը նախեւառաջ այս «իշխանության» ամենափոխզիջումային եւ ընդունելի թեկնածուն է։ Նա իսկապես միակն է։
Վազգեն Մանուկյանը միակն է, որ գալով իշխանության, կարող է վարել հավասարակշռված, հանգիստ ու առանց ցնցումների ներքին քաղաքականություն։
Վազգեն Մանուկյանը միակն է, որ կարող է երաշխավորել ու ապահովել Նիկոլի ու նիկոլականների ընտանիքների անվտանգությունը։
Նիկոլն ու նիկոլականները հատել են այնքան կարմիր գծեր ու երկիրը բերել են այնպիսի հանգրվանի, որ այլեւս ոչ մեկ ոչինչ չունի կորցնելու։ Զոհվածների, գերիների ու անհետ կորածների հարազատները դեռ նոր են սկսում հասկանալ ինչ է կատարվել` անմարդկային ցավից հետո: Արյան վրեժը կարող է սկսվել մի ակնթարթում, ամենապատահական դիպվածով։ Ու այդ ժամանակ այլեւս երկիրը թաղվելու է նոր արյան մեջ։ Բայց որ ամենավատն է. այդ դեպքում ոչ ոք չի կարողանալու դա կանգնեցնել։
Ընդ որում արյունից պետք է վախենա ոչ թե հասարակությունը, այլ հենց Նիկոլն ու ՔՊ-ն։ Դո՛ւք եք գիտակցաբար հանձնել հողերը, դո՛ւք եք դավաճանաբար հայրենազրկել, ձեր միտումնավոր սխալ որոշումների պատճառով են տղերքը զոհվել, ձեր հետեւողական սխալների պատճառով է կնքվել կապիտուլյացիան, ձեր կանխամտածված կառավարման պատճառով են Հայաստանի սահմանները բաց։ Հիմա դուք ո՞ւմ եք վախեցնում արյունով։ Զոհերի ու անհետ կորածների հարազատների՞ն, ովքեր այս շաբաթների ընթացքում անցել են դժոխքի բոլոր սարսափներով:
Նիկոլի վրայից չի մաքրվի 5000 զինվորի արյունը, կորոնավիրուսից մահացած 2500 մարդու արյունը, ու արդեն ապացուցվեց, որ մարտի 1-ի 10-ի արյունն էլ է իր վրա։ Նիկոլը եկել է արյունով ու ամեն ինչ անում է, որ հեռանա հենց արյունով։ Այս ցիկլը կարող է ընդհատել միայն Վազգեն Մանուկյանը։
Նիկոլին ու նիկոլականներին մնացել է ընդամենը երկու ժամ, որ իրականությունը հասկանան ու համաձայնեն Վազգեն Մանուկյանի թեկնածությանը։ Նա գալիս է փրկելու երկիրը, ժողովրդին, Նիկոլի ու ՔՊ-ականների ընտանիքներին։ Նա միակն է, որ իր հեղինակությամբ, խոսքով ու գործով կարող է դա ապահովել։ Որոշում կայացնելիս հիշե՛ք. դեկտեմբերի 8-ին, ուղիղ կեսօրին դուք որոշեցիք երկրի ճատակագիրը։ Եվ ինչ էլ լինի, դո՛ւք եք պատասխանատու՝ երկիրը կկայունանա, թե կալեկոծվի:
Հ.Գ. Որոշումը ձերն է: Վազգեն Մանուկյանը ձեր վերջին փրկօղակն է: Եթե տրամաբանելու ունակ եք իհարկե»: