ԵՄ-ն մարդու իրավունքների ոլորտում պատժամիջոցների գլոբալ ռեժիմ է ընդունել
Եվրամիությունը նախօրեին հայտարարել է Մարդու իրավունքների ոլորտում պատժամիջոցների գլոբալ ռեժիմ ընդունելու մասին։
Հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցների նոր ռեժիմը թույլ կտա ԵՄ-ին «ամբողջ աշխարհում թիրախավորել անհատներին, կազմակերպություններին, պետական և ոչ պետական սուբյեկտներին, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների լուրջ խախտումների և չարաշահումների համար»։
Նոր ռեժիմի կիառման դեպքում կգործի ֆիզիկական անձանց ուղևորությունների արգելք և ԵՄ-ի տարածքում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց դրամական միջոցների սառեցում:
Նշվում է, որ պատժամիջոցները կկիրառվեն այնպիսի գործողությունների դեպքում, ինչպիսիք են ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները և մարդու իրավունքների այլ լուրջ խախտումները կամ չարաշահումները (օրինակ՝ խոշտանգումները, ստրկությունը, արտադատական մահապատիժները, կամայական ձերբակալությունները)։
«Այսօրվա որոշումն ընդգծում է, որ Մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է ԵՄ արտաքին գործունեության անկյունաքարն ու առաջնահերթությունը և արտացոլում է մարդու իրավունքների ոլորտում լուրջ խախտումների և չարաշահումների դեմ պայքարելու ԵՄ-ի վճռականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։