Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կայցելի Իրաք
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաջորդ տարվա մարտին կայցելի Իրաք, հայտարարել է Վատիկանը: Մամլո խոսնակ Մատեո Բրունին ասել է, որ հովվապետը կայցելի մայրաքաղաք Բաղդադ, ինչպես նաեւ Ուր՝ քաղաք, որը կապված է Հին Կտակարանի Աբրահամի կերպարի հետ, ինչպես նաեւ Էրբիլ, Մոսուլ եւ Կարակոշ:
Բրունիի խոսքով՝ Իրաքի կառավարության եւ տեղի կաթոլիկ եկեղեցու հրավերով ուղեւորությունը նախատեսվում է մարտի 5-8-ը: «Ուղեւորության ծրագիրը կհրապարակվի պատշաճ ժամանակ, եւ այնտեղ հաշվի կառնվի աշխարհում առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակների զարգացումը»,- ասվում է Բրունիի հայտարարության մեջ:
Դա կլինի 2019-ի նոյեմբերից հետո Հռոմի պապի առաջին ուղեւորությունը արտերկիր: Այս տարի նախատեսված ուղեւորությունները չեղյալ են հայտարարվել COVID-19 համավարակի պատճառով:
Վատիկանում աղբյուրը հայտնել է, որ ուղեւորության նպատակներից մեկը մխիթարելն է այն քրիստոնյաներին, ովքեր պատերազմների եւ բախումների պատճառով ստիպված են եղել փախչել Իրաքից եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրներից։
Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը Twitter-ում իր գրառման մեջ նշել է, որ ուղեւորությունը «խաղաղության ուղերձ կլինի բոլոր դավանանքների իրաքցիներին եւ կծառայի արդարության եւ արժանապատվության մեր ընդհանուր արժեքների վերահաստատմանը»: