ԻՀՊԿ. Միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանության ժամանակ արհեստական բանականություն է օգտագործվել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալը միջուկային գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանության որոշ մանրամասներ է բացահայտել:
ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Ալի Ֆադավին հայտնել է, որ Ֆախրիզադեն ուներ 11 թիկնապահ, իսկ առաջին մեքենայի պայթյունը նպատակ ուներ ոչնչացնել թիկնապահներին: Նրա խոսքով՝ թշնամիներն օգտագործել են ավտոմատ գնդացիր, որը կառավարվել է արբանյակից: «Ավտոմատը հագեցած է եղել արհեստական բանականությամբ՝ Ֆախրիզադեին թիրախավորելու համար»,- հավելել է նա:
Ֆադավին ասել է, որ գնդացիրն ունեցել է կատարելագործված տեսախցիկ եւ այն կրակել է 13 անգամ:
«Զենքն ուղղված է եղել միայն Ֆախրիզադեի դեմ, նրա կնոջ վրա չեն կրակել, չնայած այն հանգամանքին, որ նա մի քանի սանտիմետր է հեռու եղել: Անվտանգության պետը նույնպես վիրավորվել է չորս անգամ, քանի որ իրենով ծածկել է Ֆախրիզադեին, դեպքի վայրում մարդիկ չեն եղել, ովքեր կարող էին կրակել պահապանների ուղղությամբ»,- ընդգծել է նա:
Հրամանատարը նաեւ հայտնել է, որ Ֆախրիզադեն մի քանի վերք է ստացել, ողնուղեղի վնասվածքի պատճառով նա արյունահոսել է եւ հիվանդանոցում մահացել է:
Անդրադառնալով ԱՄՆ ընտրություններին եւ Դեմոկրատական կուսակցության հաղթանակին՝ Ֆադավին ասել է, որ դեմոկրատները պատասխանատու են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սահմանված պատժամիջոցների մեծ մասի համար: Նա նաեւ նշել է, որ դեմոկրատների հետ բանակցություններն անօգուտ են, եւ հավելել է, որ Իրանը մեծ թշնամանքի է հանդիպել ամեն անգամ, երբ դեմոկրատները եկել են իշխանության: