Ռուսաստանը լրացուցիչ ներդրում կկատարի Լեռնային Ղարաբաղում գործող ԿԽՄԿ բյուջե, ինչպես նաև կշարունակի անհատույց հիմունքով Հայաստանին օգնություն տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարում. Լավրով
Ռուսաստանը լրացուցիչ ներդրում կկատարի Լեռնային Ղարաբաղում գործող ԿԽՄԿ բյուջե: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ հանդիպմանը:
Լավրովի խոսքով՝ ռուսական ղեկավարությունը որոշում է ընդունել ԿԽՄԿ բյուջե լրացուցիչ միանվագ ներդրում կատարելու մասին, որը վաղուց ի վեր աշխատում է տարածաշրջանում:
«Մենք ամեն կերպ աջակցում ենք միջազգային կազմակերպությունների գործունությանը, որոնք պատրաստ են իրենց ռեսուրսները, փորձը եւ ներուժը ներդնել խաղաղ կյանքի վերականգնման գործում: Մասնավորաապես՝ ռուսական ղեկավարությունը որոշում է ընդունել ԿԽՄԿ բյուջե կամավոր լրացուցիչ միանվագ ներդրում կատարելու մասին, որը երկար տարիներ գործում է ինչպես տարածաշրջանում, ներառյալ Երեւանում ու Բաքվում, այնպես էլ անմիջապես Ստեփանակերտում»,- նշել է Լավրովը:
Ինչ վերաբերում է գերիների խնդրին. ռուսական կողմը Ղարաբաղում իր խաղաղապահների միջոցով նպաստելու է գերիների փոխանակմանը «Կարեւորագույն հարց է գերիների փոխանակումը: Մեր խաղաղապահների միջոցով ամեն ինչով նպաստելու ենք դա արագ ավարտելուն: Գիտենք, թե դա որքան սուր թեմա է նրանց հարազատների, մտերիմների եւ ընկերների համար, ովքեր գերության մեջ են հայտնվել: Եվ անկասկած, զոհվածների մարմինների փոխանակումը: Սա նույնպես խնդրի անչափ զգայական մասն է, որն անհրաժեշտ է հնարավորինս արագ լուծել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է հատուկ ուշադրություն հատկացնեն Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության օբյեկտներին և խթանեն այդ ուղղությամբ առաջընթացը: «Տվյալ փուլում ՄԽ համանախագահները պետք է հատուկ ուշադրություն հատկացնեն ղարաբաղյան խնդրին, այդ թվում մշակութային, կրոնական օբյեկտների եւ ընդհանրապես Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանմանը: Այդ նպատակով ծրագրվում է հատկացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ ռեսուրսները, ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւս պատրաստում է իր գնահատման առաքելությունը»,-հայտարարել է Լավրովը:
Նրա կարծիքով՝ ՄԽ համանախագահ երկրները կարող են առավել ակտիվ խթանել այդ ուղղությամբ միջազգային կազմակերպությունների աշխատանքը:
Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաև Covid-19-ի դեմ պայքարում Հայաստանին տրամադրվող աջակցության հարցին:
Ռուսաստանը կշարունակի անհատույց հիմունքով Հայաստանին օգնություն տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
«Ռուսաստանը երկկողմ ձևաչափով կշարունակի անհատույց հիմունքով մեր հայ բարեկամներին մատակարարել շարժական բիոլաբորատորիաներ, թեստ-համակարգեր, ռեագենտներ, բժշկական տեխնիկա: Երեւանը հետաքրքրություն է դրսեւորում ռուսական հակավիրուսային պատվաստանյութի օգտագործման հարցում համագործակցության հանդեպ»,- նշել է Լավրովը: