Կնոջ աչքի տակ փոքր բիծը վտանգավոր հիվանդության նշան է եղել (Լուսանկարներ)
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Սիդնեյ քաղաքից 29-ամյա Թերի Հայփենը բախվել է վտանգավոր հիվանդության, որի գլխավոր նշանն է եղել ձախ աչքի տակի բիծը:
Հինգ տարի առաջ, երբ Թերին հղի էր երկրորդ երեխայով, նրա մայրը ուշադրություն է դարձրել դստեր դեմքի տարօրինակ բծին, հայտնում է The Daily Mail-ը: Նրա ձախ աչքի տակ մաշկի ոչ մեծ հատվածը տարբերվում էր դեմքի մնացած մաշկից. այն գունատ էր եւ գրեթե թափանցիկ, թեթեւակի փայլում էր: Այդ պահին, սակայն, ավստրալուհին մոր խոսքին պատշաճ նշանակություն չի տվել:
Ութ ամիս հետո Թերին քաղցկեղի դեմ պայքարի կլինիկայից տեղեկություն է ստացել հետազոտվելու հիշեցմամբ: Նա սա որպես նախանշան է ընկալել եւ ընդունելության է գրանցվել: Բժիշկը սկզբում չի նկատել նրա աչքի տակի տարօրինակ բիծը, մինչ կինը չի հարցրել դրա մասին: Մասնագետն այդ ժամանակ մաշկի այդ հատվածն ուսումնասիրել է մանրադիտակով եւ որոշել, որ կնոջ մոտ բազալիոմա է՝ մաշկի քաղցկեղի տարատեսակ:
Նորագոյացությունը 2 ավստալական դոլար արժեքով մետաղադրամի չափի էր: Բժիշկն ասել է, որ այն անհապաղ պետք է հեռացնել:
Վիրահատությունից հետո պացիենտի դեմքին մնացել է ձախ աչքից մինչեւ բերանի անկյուն ձգվող սպի: Սպին 5 տարում գրեթե անհետացել է: Սակայն վիրահատությունն ուշացնելու դեպքում նա կարող էր զրկվել տեսողությունից, իսկ վատագույն ելքի դեպքում՝ կյանքից:
Թերին հիմա պարբերաբար բժշկական հետազոտություն է անցնում եւ խնամում իր մաշկը, կանոնավոր օգտագործում է արեւապաշտպան քսուքներ: Նա նախկինում սիրում էր հաճախել սոլյարի, ինչն իրականում կարող էր լինել քաղցկեղային ուռուցքի առաջացման պատճառը:
«Երիտասարդ տարիներին մեզ թվում է, թե մենք անխոցելի ենք: Բայց հիմա ինձ համար առողջությունն առաջնային է»,- ասել է նա: